Միջազգային

Անիի կամուրջը. Հայաստանի ու Թուրքիայի միջև կայացած պայմանավորվածության հետքերով

Radar Armenia-ն ներկայացնում է տվյալներ Անիի կամրջի մասին, որը շուտով, ՀՀ և Թուրքիայի ԱԳ նախարարների հաղորդմամբ, կվերանորոգվի։ Ախուրյան գետի վրայի կամուրջը վերագրվում է Բագրատունյաց ժամանակաշրջանին (10-րդ կամ 11-րդ դդ․)։ Մեկ այլ վարկածով՝ այն կառուցվել է 13-րդ դարում։ Կամրջի մոտակայքում գտնված արձանագրության մեջ նշված է, որ 14-րդ դարի սկզբին շինարարական աշխատանքներ են արվել կամրջի շրջակայքում։

Կամրջի միակ՝ 30 մետրանոց կամարը քանդվել է, և մնացել են միայն բարձր կամարակալերը, որոնք, ենթադրվում է, պարսպի մի մասն են։ Ըստ 19-րդ դարի ճանապարհորդների՝ կամրջի մոտ եղել է պահակատուն, բայց ներկայումս այն անհետացել է։ Ծածկված շինությունը, հնարավոր է, կառուցվել է այնպես, որ արտաքին աշխարհից բաժանի վանքը, որն արդեն իսկ տեղակայված էր մի մեկուսի վայրում։

Կուսանաց վանքի հովտում կան տարբեր կառույցներ, որոնցից են փոքր մատուռը և մի ուղղանկյուն կառույց, որը հավանաբար եղել է դիտաշտարակ՝ գետի ափի շարժը վերահսկելու համար։ Բագրատունիների մայրաքաղաք Անին կապվում էր Շիրակի նահանգի ու երկրի այլ մասերի հետ տարբեր ճանապարհներով։ Դրանցից գլխավորն անցնում էր Հատմոսի վանքով կամ Ղոշավանքով, որի մոտ Ախուրյանի վրա ձգված էր քարե կամուրջ, նույն ինքը՝ Անիի կամուրջը։ Ախուրյան գետի վրա գտնվող Անիի կամուրջը համարվում էր միջնադարյան Հայաստանի ամենամեծ կամուրջը։ 

Անիի այցելուները Թուրքիայի կողմից առաջ քաշված սահմանափակումների պատճառով չեն կարողանում այցելել կամրջի ավերակներ կամ իջնել դեպի գետ։ 1990-ական թթ․ սկզբին՝ ՍՍՀՄ փլուզումից հետո, հնարավոր էր այցելել Անիի ավերակներ և լողալ գետում, իսկ ներկայումս ողջ տարածքը արգելված գոտի է համարվում և հսկվում ռուս սահմանապահների կողմից։

Վերոնշյալ պատկերում՝ Անիի հազարամյա պատմական կամուրջը Ախուրյան գետի վրա. վերակազմությունը` Պարգև Ֆրանկյանի: