Միջազգային

«Այս դժվար օրերին Թուրքիային աջակցել են ավելի քան 60 երկրներ, շնորհակալ եմ»․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այցելել է Հաթայ՝ 7,7 և 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժերից տուժած քաղաքներից մեկը Ղահրամանմարաշում։

«Մենք վերապրեցինք մեր պատմության ամենամեծ երկրաշարժերից մեկը: Ցավոք, Հաթայն այս աղետից ամենաշատ տուժած քաղաքներից մեկն է, որը կրել է ամենամեծ ավերածություններն ու մարդկային կորուստները»,- ասել է Էրդողանը։

Նա նշել է, որ այս դժվար օրերին Թուրքիային աջակցել են ավելի քան 60 երկրներ։ Թուրքիայի նախագահը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին, Իսրայելին, Սաուդյան Արաբիային, Քաթարին, Քուվեյթին, որոնք առաջինն են արձագանքել և շտապել օգնության։

Նշելով, որ Թուրքիայում կազմակերպություններն ու քաղաքացիները ֆինանսական և մարդասիրական աջակցություն են ցուցաբերել AFAD-ին այս հարցում, Էրդողանը շնորհակալություն է հայտնել քաղաքացիներին աջակցության համար։

«Այսօր մեզ համար փորձությունների օր է, հուսով եմ, որ մեր ժողովուրդը նույնպես կդիմանա դրան։ Ներկայում Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը 9057 է, Հաթայում զոհվածների թիվը՝ 3356 մարդ։ Երկրում վիրավորների թիվը 52979 է, ավերված շենքերի թիվը՝ 6444, այժմ Հաթայում աշխատում է ընդհանուր առմամբ 21200 զինվորական, ժանդարմ և ոստիկան»,- ասել է նա։