Այս պահի տվյալներով Սիրիայում 4 հայազգի զոհ կա, Հալեպից մի ընտանիք՝ Թենեքեչյան ազգանունով։ Երկու զոհ էլ կա Թուրքիայում՝ Մալաթիայում, ամուսիններ են։ Այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ Սփյուռքի գործերի հանձնակատարի գրասենյակի ռազմավարությունների մշակման բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանից։
Նրա տեղեկացմամբ՝ Թուրքիայի միակ հայկական Վաքըֆն բնակավայրը որոշակիորեն տուժել է, բայց մեծ ավերածություններ չկան։
«Մեր եկեղեցիներից տուժել է Իսկենդերի Սրբոց քառասուն մանկանց եկեղեցին։ Թեթև վնասվածքներ են ստացել Դիարբեքիրում, Կայսերում և այդ գոտում մնացած մեր կրոնական տաճարները։ Ավելի շատ տուժել է Հալեպն՝ իր նահանգով։ Այստեղ կան վնասված դպրոցներ, եկեղեցիներ,այլ հաստատություններ։ Հալեպի Նոր գյուղ հայկական թաղամասում մեծ փլուզումներ շատ չեն եղել, բայց տուժած հատվածներ կան»,- ասաց Ալեքսանյանը։
Սփյուռքի գործերի հանձնակատարի գրասենյակի աշխատակիցն ասաց նաև, որ բնակչությունն այս պահին դրսում է գտնվում, եղանակը բավականին ցուրտ է։ Նա նշեց, որ դպրոցներում դասընթացը դադարեցվել է, կան ազգությամբ հայ վիրավորներ, բայց հստակ տեղեկատվություն տրամադրել այս պահին չեն կարող։
Հայկ Մագոյան