Միջազգային

ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Բորելի՝ Ռուսաստանի քաղաքական կամքի բացակայության մասին խոսքերը

Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի հայտարարություններն այն մասին, որ Մոսկվայի կողմից քաղաքական կամք չի դրսևորվում Ուկրաինայի հարցով բանակցություններ սկսելու համար, չեն համապատասխանում իրականությանը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։ 

«Բորելը, իրեն բնորոշ մանևրով, սխալ է ասում: Ցանկանում ենք հիշեցնել, որ Ռուսաստանը բազմիցս, բոլոր հարթակներում և տարբեր մակարդակներում կրկնել է իր բաց լինելն Ուկրաինայի հակամարտության կարգավորման շուրջ՝ առանց նախապայմանների և անընդունելի պայմանների, բայց հենց Ուկրաինան դուրս եկավ բանակցություններից «դրսի» հրահանգով։

ԵՄ «դիվանագիտության» ղեկավարի՝ Կիևին «միջոցներ» տրամադրելու կոչը նշանակում է զենքի և ռազմական տեխնիկայի մատակարարման շարունակություն։ Այսինքն՝ ներդրում հակամարտությունը երկարացնելու, այլ ոչ թե ոչ ռազմական լուծում գտնելու համար։ Թող նա իր ամբողջ պաթոսը ուղղի Ուկրաինայի ղեկավարությանը»,- ասել է Զախարովան։

Ավելի վաղ Բորելն ավստրիական Der Standart թերթին տված հարցազրույցում ասել էր, որ ԵՄ-ն «միշտ բաց է» Ուկրաինայում խաղաղ բանակցությունների համար, սակայն իրենք չեն տեսնում Ռուսաստանի կողմից դրանք սկսելու քաղաքական կամք, և հակամարտությունը վերջ տալու միակ ճանապարհը, ըստ Բորելի, «Ուկրաինային միջոցներ տալն է»։