Միջազգային

«Սպասում ենք հայկական կողմի համաձայնությանը»․ Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Երևանին

Ադրբեջանը հանդիսանում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի նախաձեռնողը, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի ստորագրման նախաձեռնողը, և զարմանալի է, որ հայկական կողմը նման հայտարարություններ է անում՝ հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն՝ ի պատասխան Արարատ Միրզոյանի այսօր՝ ԱԺ-ում հնչեցրած հայտարարության, ըստ որի սպասում են ադրբեջանական կողմի պատասխանին։ 

«Խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններն այնպես չեն ընթանում, ինչպես Հայաստանը պատկերացնում է։ Ինչպես գիտեք, խաղաղության պայմանագրի տեքստը Ադրբեջանը քննարկման է ներկայացրել անցյալ տարվա հոկտեմբերի 2-ին՝ Ժնևում, իսկ փաստաթղթի քննարկումը շարունակվել է Վաշինգտոնում։ 2022 թվականի դեկտեմբերի 23-ին Մոսկվայում՝ որպես բանակցային գործընթացի շարունակություն, երրորդ  հանդիպմանը միակողմանիորեն չմասնակցեց հայկական կողմը, ինչը, ցավոք, խաթարեց բանակցային գործընթացը։

Մենք կրկնում ենք, որ Ադրբեջանը պատրաստ է խաղաղության պայմանագիր կնքել՝ հիմնված խաղաղության գործընթացի հինգ հիմնարար սկզբունքների վրա և կարճ ժամանակում անցկացնել բանակցությունների համար հաջորդ հանդիպումը։ Ադրբեջանական կողմը Հայաստանից ակնկալում է հերթական հանդիպում կազմակերպելու համաձայնություն»,- հայտնել է նա։

 

Հետևեք մեզ Telegram-ում։