Միջազգային

«Հայաստանն ու Ադրբեջանը 2020թ. պայմանավորվածությունների կատարման հետ կապված մտահոգություններ ունեն». ԵԱՀԿ ՄԹ դեսպան

ԵԱՀԿ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Նեյլ Բուշը ԵԱՀԿ մշտական խորհրդի հատուկ նիստում, որը հրավիրվել է Հայաստանի նախաձեռնությամբ, անդրադարձել է հայ-ադրբեջանական հակամարտությանը, Լաչինի միջանցքի բլոկադային և այլ հարցերի։ Նիստին մասնակցում է նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: 

Դեսպանը, մասնավորապես, հայտարարել է. «Լաչինի միջանցքի շարունակվող խափանումները և դրա հետ կապված հումանիտար հետևանքները խորապես մտահոգիչ են։

Մենք ցավում ենք, որ, չնայած այս հարցի բարձրացմանն այստեղ՝ ԵԱՀԿ-ում և ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում, զգալի առաջընթաց չի գրանցվել։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը՝ ձեռնարկել բոլոր միջոցները՝ հումանիտար ապրանքների և քաղաքացիական անձանց անխոչընդոտ տեղաշարժը թույլ տալու համար։

Միացյալ Թագավորությունն ընդունում է, որ երկու կողմերն էլ մտահոգություններ ունեն 2020 թվականի հրադադարի պայմանավորվածությունների կատարման հետ կապված։ Մենք կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին՝ ձեռնարկել բովանդակալից բանակցություններ՝ գտնելու կարգավորում, որը կապահովի կայուն խաղաղություն և կայունություն տարածաշրջանում։

Միացյալ Թագավորությունն առաջարկում է իր շարունակական, անսասան և անվերապահ աջակցությունը միջազգային մեխանիզմներին, այդ թվում՝ ԵԱՀԿ-ին, որոնք աշխատում են աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը։ Միայն խաղաղ ճանապարհով դյուրացված երկխոսության միջոցով կարելի է հասնել խաղաղության»:

 

Հետևեք մեզ Telegram-ում։