Միջազգային

«Միացյալ Նահանգները կոչ է անում Ադրբեջանին և Հայաստանին՝ վերսկսել բովանդակալից բանակցությունները». Քարփենթեր

ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Մայքլ Քարփենթերը պատասխանել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանին։ Քարփենթերը, մասնավորապես, հայտարարել է. «Միացյալ Նահանգները նույնպես լրջորեն անհանգստացած է, որ Լաչինի միջանցքը խցանված է ավելի քան 30 օր՝ Լեռնային Ղարաբաղում սննդամթերքի, դեղորայքի և այլ պաշարների խիստ պակասություն առաջացնելով։ Այս փաստերն անվիճելի են։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանին և Ռուսաստանին՝ անհապաղ վերականգնել անխափան տարանցումը` պահպանելով նախկինում ստանձնած պարտավորությունները, որոնք հստակորեն ներառում են երաշխիքներ, ինչպես դուք մեջբերեցիք, Լաչինի միջանցքով երկու ուղղություններով շարժվող մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգության համար: Լաչինի ճանապարհով մասնավոր և առևտրային երթևեկության շարունակական խափանումը կարող է ծանր հումանիտար հետևանքներ ունենալ Լեռնային Ղարաբաղում ապրող մարդկանց համար։ Մենք շնորհակալություն ենք հայտնում ԿԽՄԿ-ին կարևոր օգնություն ցուցաբերելու համար և կոչ ենք անում Ադրբեջանին՝ ապահովել այս տարածքում ապրող բնակչության անհատական ​​իրավունքները, անվտանգությունը և բարեկեցությունը: ԵԱՀԿ բոլոր մասնակից պետությունները պարտավոր են պաշտպանել իրենց տարածքում գտնվող անձանց անվտանգությունը՝ անկախ էթնիկ պատկանելությունից:

ԵԱՀԿ-ն և նրա տարբեր ինստիտուտներ տրամադրված են աջակցելու Հայաստանին և Ադրբեջանին՝ հիմնվելով անվտանգության հարցում մեր համապարփակ մոտեցման և խարսխվելով մեր արժեքների, սկզբունքների և պարտավորությունների վրա: Մենք ունենք լայնածավալ գործիքակազմ, որը կարող է օգտագործվել այս հակամարտությունում, և մենք պետք է քննարկենք, թե ինչպես կարող ենք դա անել: Միացյալ Նահանգները կոչ է անում Ադրբեջանին և Հայաստանին՝ վերսկսել բովանդակալից բանակցությունները՝ լուծելու իրենց վեճերը։ Համապարփակ խաղաղության համաձայնագիրը միակ ճշմարիտ ուղին է դեպի երկարատև խաղաղություն՝ հիմնված հարաբերությունների կարգավորման և փոխադարձ ճանաչման վրա։ Մենք նաև կոչ ենք անում Ադրբեջանին և Հայաստանին՝ հետաքննել ենթադրյալ վայրագությունները և պատասխանատվության ենթարկել մեղավորներին:

Միացյալ Նահանգները ակնկալում է աշխատել Հյուսիսային Մակեդոնիայի և ԵԱՀԿ-ի հետ՝ բարելավելու անվտանգությունն այս տարածաշրջանի բոլոր մարդկանց համար: Մենք կշարունակենք աշխատել Ադրբեջանի և Հայաստանի հետ երկկողմանի, բազմակողմ գործընկերների միջոցով, ինչպիսին Եվրամիությունն է, և միջազգային կազմակերպությունների միջոցով, ինչպիսին ԵԱՀԿ-ն է, այս հակամարտության համապարփակ և կայուն կարգավորման հասնելու համար»:

Հետևեք մեզ Telegram-ում։