Հինգշաբթի, 2 Փետրվարի 2023

USD393.61

EUR421.64

RUB5.38

Երևան -2 ℃

Рус Eng

ՎԶԵԲ-ի փոխնախագահը և գործադիր տնօրենը կայցելեն Հայաստան, Վրաստան և Ադրբեջան

Միջազգային

13 Հունվարի, 14:45

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) քաղաքականության և գործընկերության գծով փոխնախագահ Մարկ Բոումենը և Արևելյան Եվրոպայի ու Կովկասի գործադիր տնօրեն Մատեո Պատրոնեն հունվարի 16-19-ը կայցելեն Կովկաս՝ նախ այցելելով Հայաստան, այնուհետ՝ Վրաստան և Ադրբեջան։

Այցը հաջորդում է ՎԶԵԲ-ի նախագահ Օդիլ Ռենո-Բասոյի՝ սեպտեմբերին Կովկաս կատարած վերջին շրջագայությանը: Ուղևորության նպատակն է քննարկել առաջիկա ծրագրերը ինչպես մասնավոր, այնպես էլ պետական հատվածում: Օրակարգում են նաև ֆինանսական կայունության, քաղաքականության բարեփոխումների և բանկի առաջիկա նոր ռազմավարությունների նախապատրաստման վերաբերյալ քննարկումները:

Պատվիրակությունը նախ կմեկնի Երևան, որտեղ ՎԶԵԲ-ի ներկայացուցիչները կհանդիպեն Հայաստանի քաղաքական առաջնորդների հետ։ Այցը կներառի հանդիպումներ դիվանագետների, միջազգային գործընկերների, գործարար համայնքի ղեկավարների և բանկի գործող գործընկերների հետ։ Թիմը կայցելի նաև ՀՀ կենտրոնական բանկ՝ հանդիպելու նախագահի և նրա տեղակալի հետ։

Ուղևորության վրացական հատվածում պատվիրակությունը բարձր մակարդակի հանդիպումներ կունենա Վրաստանի քաղաքական ղեկավարության հետ։ ՎԶԵԲ-ի ներկայացուցիչները կհանդիպեն նաև դիվանագետների, միջազգային ֆինանսական հաստատությունների տարածաշրջանային ղեկավարների և Վրաստանի ներդրողների խորհրդի քարտուղարության հետ։

Ակնկալվում է, որ Թբիլիսիում գտնվելու ընթացքում պարոն Բոումենը նաև ինքնիշխան վարկային պայմանագիր կստորագրի Վրաստանի ֆինանսների նախարարության հետ՝ մայրաքաղաքում մետրոյի 12 կայարանի վերականգնման և արդիականացման համար:

Պատվիրակությունն իր այցը կավարտի Բաքվում, որտեղ ՎԶԵԲ-ի ներկայացուցիչները կհանդիպեն Ադրբեջանի քաղաքական ղեկավարության հետ։ Այցը կներառի հանդիպումներ դիվանագիտական հանրության ներկայացուցիչների, զարգացման միջազգային գործընկերների և բանկի գործող բիզնես հաճախորդների հետ։ Թիմը կայցելի նաև Ադրբեջանի կենտրոնական բանկ։

1992 թվականին Կովկասում իր գործունեության մեկնարկից ի վեր ՎԶԵԲ-ն ավելի քան 10 միլիարդ եվրո է ներդրել տարածաշրջանի ֆինանսական, կորպորատիվ, ենթակառուցվածքային և էներգետիկ ոլորտների ավելի քան 650 նախագծերում, որոնց մեծ մասը՝ մասնավոր հատվածում:

Կովկասում առաջիկա ներդրումային ծրագրերի մանրամասները հասանելի են այստեղ:

 

Հետևեք մեզ Telegram-ում
Արտակ Խաչատրյան

Իսկ արդյո՞ք ռուս խաղաղապահները պաշտպանության կարիք ունեն, այն էլ՝ նման կերպ

Արտակ Խաչատրյան

Ի՞նչ էր անում Շավարշ Քոչարյանը նախքան պատերազմը