Միջազգային

«Չնայած պատերազմն ավարտվել է, բայց պայքարը դեռ շարունակվում է». Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեծ հարցազրույց է տվել ադրբեջանական առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներին։ Ալիևը հարցազրույցի ընթացքում անդրադարձել է նաև 2020թ․ աշնանային պատերազմին և դրա արդյունքներին։

Նա, մասնավորապես, հայտարարել է. «Մենք անմիջապես ձեռնամուխ եղանք ակտիվ աշխատանքի, և կարծում եմ, որ այսօր՝ պատերազմից երկու տարի անց, լիակատար վստահությամբ կարելի է ասել, որ պատերազմի արդյունքներն ընդունվել են աշխարհի կողմից։ Ադրբեջանի իրավացիությունը ևս մեկ անգամ հաստատվեց, մենք պետք է ավելի ամրապնդենք պատերազմի վերջում ստեղծված իրավիճակը, այսինքն, ամրապնդենք մեր դիրքերը։ Վերջին երկու տարվա ընթացքում մեզ հաջողվել է հասնել նրան, ինչին ցանկանում էինք՝ ինչպես միջազգային հարաբերությունների հարթությունում, այնպես էլ՝ երկրի ներսում։ Աշխարհի քաղաքական վերնախավը շատ լավ հասկանում է, թե ինչ գնով ենք մենք հասել այդ հաղթանակին, ինչ ռիսկերի ենք գնացել, ինչ ուժերի դեմ ենք պայքարել և պայքարում։ Այսինքն, չնայած պատերազմն ավարտվել է, պայքարը դեռ շարունակվում է, և ես վստահ եմ, որ մենք հաղթելու ենք, որովհետև մենք ճիշտ ուղու վրա ենք, և մեր ռազմաքաղաքական հզորությունը, այդ թվում՝ տնտեսական անկախությունը, անշուշտ, բազմապատկում են մեր հզորությունը»,-նշել է Ալիևը։