Միջազգային

Պատերազմից ի վեր Ուկրաինայում անհետ կորել է 15.000 քաղաքացի

Ռուսական ներխուժման սկզբից ի վեր Ուկրաինայում անհետ կորել է ավելի քան 15 հազար մարդ։ Այս մասին Reuters-ին տված հարցազրույցում ասել է անհետ կորածների հարցերով միջազգային հանձնաժողովի (ICMP) տնօրեն Մեթյու Հոլիդեյը։ Նա ընդգծել է, որ այդ թիվը ճշգրիտ չէ, քանի որ միայն Մարիուպոլում, ըստ ուկրաինական իշխանությունների, 25 հազար մարդ զոհվել կամ անհետացել է։ 

«Անհայտ կորածների և մահացածների ճնշող մեծամասնությունը ռազմական հանցագործությունների զոհեր են, ուստի մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- ասել է Հոլիդեյը։ Նա հավելել է, որ Ուկրաինայում անհետ կորածների գործերի հետաքննությունը տարիներ կտևի, նույնիսկ՝ ռազմական գործողությունների դադարեցումից հետո։