Միջազգային

Շոլցը պատրաստ է բանակցել Պուտինի հետ

Լեհաստանում տեղի ունեցած միջադեպից և ՌԴ կողմից Ուկրաինան հրթիռակոծելուց հետո Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը պատրաստ է շարունակել հեռախոսազրույցները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այդ մասին չորեքշաբթի օրը կայացած ճեպազրույցում հայտարարել է Գերմանիայի կառավարության ներկայացուցիչ Վոլֆգանգ Բյուխները՝ դրական պատասխանելով լրագրողների համապատասխան հարցին։ 

Հիշեցնենք, որ երեքշաբթի օրը հրթիռ էր պայթել Լեհաստանի Պժևոդով գյուղում (Լյուբլինյան վոյեվոդություն)՝ Ուկրաինայի հետ սահմանին, ինչի հետևանքով երկու մարդ էր զոհվել։ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի խոսքով՝ դեռևս չկա որևէ ապացույց, որը ցույց կտա, թե ում կողմից է արձակվել արկը։

Լեհաստանի ԱԳՆ-ն հայտնել է, որ հրթիռը ռուսական արտադրության է։ Իսկ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նշել է, որ կան նախնական տեղեկություններ, որոնք վիճարկում են այն պնդումները, թե Լեհաստանում ընկած արկն արձակվել է Ռուսաստանից։