Ամերիկյան Wall Street Journal-ը հերթական հոդվածն է հրապարակել՝ վերլուծելով Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները և հայտնելով իր աղբյուրներից ստացված տեղեկությունները ընթացող գաղտնի բանակցությունների մասին։
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով գլխավոր խորհրդական Ջեյք Սալիվանը, որը հիմնական վիզավին է ՌԴ նախագահի արտաքին քաղաքականության գծով խորհրդական Յուրի Ուշակովի ու ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ բանակցություններում, ըստ պարբերականի, փորձում է Ուկրաինային հակել բանակցությունների։ Բանակցությունների պատուհանը բացվել է Խերսոնից ռուսական զորքերի դուրս բերմամբ և տարածքի՝ Ուկրաինային վերադարձով։
Վաշինգտոնում բարձրաստիճան պաշտոնյաները թեպետ սատարում են Ուկրաինային, սակայն հասկանում են նաև, որ բացարձակ հաղթանակ որևէ կողմում լինել չի կարող։
Սալիվանը այցելել էր Կիև նոյեմբերի 4-ին և հորդորել ուկրաինական իշխանություններին ավելի բաց գտնվել խաղաղ բանակցությունների հարցում։ Ըստ WSJ-ի աղբյուրների՝ Սալիվանը հորդորել է Ուկրաինայի նախագահ Զելենսկիին ու նրա թիմին իրատես գտնվել բանակցությունների հարցում և դնել իրականանալի պահանջներ, այդ թվում՝ վերանայել Ղրիմը ետ նվաճելու գաղափարը։ Ըստ պարբերականի այդ երկու ուղերձը Սալիվանը հստակորեն հայտնել է թե՛ Զելենսկիին, թե՛ Ուկրաինայի ՊՆ նախարարին։
Թեպետ հրապարակային հայտարարություններում ԱՄՆ պաշտոնյաները հրաժարվում են ընդունել, թե ճնշումներ են գործադրում Ուկրաինայի վրա բանակցությունների գնալու հարցում, սակայն, դատելով մասնավոր աղբյուրներից եկող տեղեկություններից, այդպիսի ճնշումներ առնվազն կան։