Միջազգային

«Խաղաղության միակ հնարավոր ճանապարհը եռակողմ հայտարարությունների իրականացումն է». Պուտին

«Ինչպես բոլորը տեղյակ են, Ռուսաստանը ավանդաբար միշտ ուշադրություն է դարձրել այս ուղղությամբ կայունությանը և հնուց ի վեր աջակցել է մեր հայ ընկերներին՝ հայ ժողովրդի անվտանգության ապահովման գործում։

Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական կարգավորմանը, մենք այսօր անում ենք հնարավորը՝ Բաքվի և Երևանի հարաբերությունների համապարփակ կարգավորման համար։ Բոլորի համար ակնհայտ է՝ և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը ոչ վաղ անցյալում, ինչպես Ռուսաստանը, մեկ պետության մաս ենք եղել։ Մենք հսկայաքանակ կապեր ունենք և՛ Երևանի, և՛ Բաքվի հետ, և դա հաշվի չառնելը անհնար է։ Մենք բոլորս բավականին ծանր վիճակում ենք։ Բայց, իհարկե, մենք չենք կարող անմասն մնալ Ռուսաստանին մոտ գտնվող պետությունների հակասություններից և միշտ պատրաստ ենք նպաստել դրանց խաղաղ կարգավորմանը։ Ընդհանրապես մենք շահագրգռված ենք, որ Անդրկովկասը լինի հանգիստ և կայուն զարգացող տարածաշրջան։

Անկասկած, խաղաղության միակ հնարավոր և իրատեսական ճանապարհը կարող է լինել այն ուղին, որը սահմանվում է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հայտնի համատեղ հայտարարությունների բոլոր դրույթների խստիվ պահպանմամբ։

Հայ-ադրբեջանական սահմանի զատման, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման և հումանիտար խնդիրների լուծման վերաբերյալ այդ պայմանավորվածությունների հետևողական իրականացման շնորհիվ է, որ հնարավոր է հասնել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կայուն կարգավորմանը։ Մենք դա բազմիցս քննարկել ենք Հայաստանի վարչապետի հետ, և ես հասկանում եմ, որ մեր գործընկերը լիովին համաձայն է սրա հետ։ Հարցն այն է, թե ինչպես գտնել այդ լուծումները։ Դա հեշտ չէ, բայց ապագայում դա թույլ կտա հասնել խաղաղության պայմանագրի»։ 

Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստին։