Թուրքական «Sabah» թերթը, հղում անելով իր դիվանագիտական աղբյուրներին, անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների, կարգավորման գործընթացի ներկա իրավիճակը։ Ըստ թերթի աղբյուրների՝ «եթե խաղաղության համաձայնագիր ստորագրվի, իրավիճակը բազմապատիկ ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի վրա»: Նշվում է, որ հայ-թուրքական սահմանի փակման ժամանակ՝ 1993թ.-ին, սահմանի թողունակությունը եղել է 40 հազար տոննա ապրանք և 140 հազար մարդ։ Եթե սահմանը հիմա բացվի, այդ թվերը առնվազն կտասնապատկվեն։ Թերթը նաև հայտնել է, որ հայ-թուրքական կարգավորման գործընթացի փորձագետների կոմիտեն շուտով կհանդիպի, որպեսզի առաջ շարժվեն Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչներ Սերդար Քըլըչի և Ռուբեն Ռուբինյանի նախանշած ուղով։ Թերթի տեղեկացմամբ՝ սպասվում է, որ հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը կկայանա Թուրքիայում։
Տարածաշրջանի բացումը
Ընդգծելով, որ տարածաշրջանում գործընթացները պետք է դիտարկել որպես մեկ ամբողջություն, թերթի աղբյուրները նշել են. «Մեկում դադարը մյուսի մոտ տատանումներ է առաջացնում, մեկի բացումը մյուսի մոտ է բացում առաջացնում»: Բացատրելով, որ գործընթացը մեծ աղմուկ է բարձրացրել հայաստանցիների շրջանում, աղբյուրները նշել են, որ «երբ սկսեցին խոսել երրորդ երկրների քաղաքացիների սահմանը հատելու մասին, մարդիկ վերանորոգեցին ավերված տները, բուտիկ, հյուրանոց կառուցեցին և ռեստորան բացեցին։ Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորումը կլինի իրադարձություն, որը ճանապարհ կհարթի ողջ տարածաշրջանի խաղաղության համար»։