Միջազգային

«Ֆրանսիայի նախագահը սուտ ու սադրիչ հայտարարություններ է արել». Ալիև

«Ֆրանսիայի նախագահը սուտ ու սադրիչ հայտարարություններ է արել». Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում, մեղադրել է Ֆրանսիային ու նրա նախագահ Էմանուել Մակրոնին.

«Ադրբեջանը համաձայնել է քառակողմ հանդիպում անցկացնել, այդ թվում՝ Ֆրանսիայի նախագահի մասնակցությամբ, թեև Ֆրանսիան կապ չունի Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների հետ։ Ֆրանսիան, որպես Մինսկի խմբի համանախագահ, միջնորդական առաքելության մանդատ ուներ, բայց քանի որ ղարաբաղյան հակամարտությունը լուծված է, Մինսկի խմբի ծառայությունների կարիքը չկա, մանավանդ, որ այս ծառայությունները «արջի ծառայություն» էին։ Մինսկի խումբը ոչինչ չարեց, մեր տարածքից ոչ մի սանտիմետր չազատագրվեց։

Ադրբեջանը, դրսևորելով բարի կամք, թույլ տվեց Ֆրանսիայի նախագահին մասնակցել այդ հանդիպմանը։ Ինչ վերաբերում է Եվրոպական խորհրդի նախագահի մասնակցությանը, ապա արդեն մի քանի եռակողմ հանդիպումներ են տեղի ունեցել Բրյուսելում, և մենք սկզբունքորեն միշտ աջակցել ենք ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման հարցում Եվրամիության ջանքերին։ Այնպես որ, չնայած Ադրբեջանի ցուցաբերած բարի կամքին, Պրահայի հանդիպումից ընդամենը մեկ շաբաթ անց Ֆրանսիայի նախագահը վիրավորական, անընդունելի, սուտ ու սադրիչ հայտարարություններ արեց։ Դրանք տպագրված են, բոլորը կարող են տեսնել։ Այդ հայտարարություններով նա Ադրբեջանին մեղադրեց սարսափելի պատերազմի մեջ՝ դրանով իսկ, փաստերը շահարկելով ու փորձելով մոլորեցնել ֆրանսիական և համաշխարհային հանրությանը։

Ադրբեջանը պատերազմ է մղել իր միջազգայնորեն ճանաչված տարածքում. Ղարաբաղը ողջ աշխարհի կողմից ճանաչված է որպես Ադրբեջանի մաս։ Մենք օգտագործեցինք ինքնապաշտպանության իրավունքը և ուժով վերականգնեցինք մեր տարածքային ամբողջականությունը։ Այնուհետև նշվեց, որ Ֆրանսիան երբեք չի լքի Հայաստանը։ Դե, ինչպես ասում են, սա երկկողմ հարաբերությունների խնդիր է։ Եվ նաև տենդենցիոզ հայտարարություններ արվեցին Ռուսաստանի դեմ, այն է՝ «Ռուսաստանը խաղաց ադրբեջանական խաղը»։ Որքանո՞վ է քաղաքականապես կոռեկտ, որ մեծ երկրի նախագահը կիրառի փողոցային լեքսիկոն, թող որոշի ֆրանսիական հանրությունը։ Մենք, մեր հերթին, կտրականապես դատապարտում, մերժում ենք նման հայտարարությունները և Ֆրանսիայի կառավարության՝ նման վերաբերմունքով այլևս հնարավորություն չենք տեսնում ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման գործում»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական