Միջազգային

Բուրկինա Ֆասոյում զինվորականները կրկին պետական ​​հեղաշրջում են իրականացրել

Բուրկինա Ֆասոյում զինվորականները կրկին պետական ​​հեղաշրջում են իրականացրել և պաշտոնանկ արել ռազմական առաջնորդ փոխգնդապետ Փոլ-Անրի Դամիբային։ Այս մասին բանակի կապիտանը հայտարարել է ազգային հեռուստատեսությամբ։ Նոր առաջնորդ է դարձել կապիտան Իբրահիմ Տրաորեն, որը որպես հեղաշրջման պատճառ նշել է փոխգնդապետ Դամիբայի՝ իսլամիստական ​​ապստամբությանը դիմակայելու անկարողությունը:

Ըստ bbc.com-ի՝ նա նաև հայտարարել է, որ երկրի սահմանները փակ են անորոշ ժամանակով և կասեցված է քաղաքական գործունեությունը։

Հիշեցնենք, որ փոխգնդապետ Դամիբայի խումբը հունվարին տապալել էր ընտրված կառավարությանը՝ վկայակոչելով իսլամիստների հարձակումները կասեցնելու ձախողումը, բայց նրա վարչակազմը նույնպես չի կարողացել ճնշել ջիհադիստներին: 

«Դամիբայի գործողությունները աստիճանաբար համոզեցին մեզ, որ նրա հավակնությունները շեղվում են այն ամենից, ինչ մենք նախատեսել էինք անել: Այդ պատճառով մենք որոշեցինք հեռացնել Դամիբային»,- ասվում է Տրաորենի հայտարարության մեջ։

Հայտարարվել է նաև պարետային ժամ՝ ժամը 21:00-ից մինչև 05:00-ն։

Փոխգնդապետ Դամիբայի գտնվելու վայրը հայտնի չէ։

Միացյալ Նահանգները հայտարարել է, որ խորապես անհանգստացած է Բուրկինա Ֆասոյում տեղի ունեցող իրադարձություններով և խրախուսում է իր քաղաքացիներին սահմանափակել տեղաշարժերը երկրում: