«Հայ-ադրբեջանական սահմանին հակամարտության կարգավորման համար Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) դիտորդների օգտագործման հնարավորությունը քննարկվում է»,- ուրբաթ օրը հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ հետախուզական գործունեության հարցերով ԱՊՀ-ի մասնակից պետությունների անվտանգության մարմինների և հետախուզական ծառայությունների ղեկավարների խորհրդակցության 18-րդ նիստին։
«Այժմ քննարկվում է ՀԱՊԿ դիտորդների օգտագործման հնարավորությունը՝ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների պայմանավորվածությունների իրականացման նպատակով բարենպաստ պայմանների ստեղծմանն աջակցելու համար, մասնավորապես, հայ-ադրբեջանական սահմանի զատման և, ընդհանուր առմամբ, Բաքվի ու Երևանի հարաբերությունների կարգավորմանը, ներառյալ՝ համապատասխան պայմանագրի ստորագրումը»,- ասել է Լավրովը։
Հիշեցնենք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության վերջին նիստում հայ-ադրբեջանական սահմանային լարվածության մասին խոսելիս հայտարարել էր. «Մենք միջազգային գործընկերներին հետևողականորեն առաջարկում ենք հետևյալ բանաձևը և կարծում ենք, որ լուծում կարող է լինել Հայաստան-Ադրբեջան սահմանին միջազգային դիտորդական առաքելության տեղակայումը՝ կլինի դա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, ԵԱՀԿ-ի, թե որևէ այլ միջազգային կազմակերպության»: