Միջազգային

ՌԴ–ում զորակոչվելու է 300 հազար պահեստազոր

ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, թե իրենք այսօր պայքարում են ոչ այնքան Ուկրաինայի, որքան հավաքական Արևմուտքի հետ։

Նրա խոսքով․ «Մոտ 70 ռազմական և ավելի քան 200 քաղաքացիական արբանյակներ, ՆԱՏՕ-ի ողջ պոտենցիալն, աշխատում է Ուկրաինայի շահերից սպասարկման համար»:

Շոյգուն մանրամասներ է հայտնել ՌԴ–ում հայտարարված զորակոչի վերաբերյալ․ «Զորակոչվելու է 300 հազար պահեստազոր։ Ուսանողները զորակոչի ենթակա չեն լինի»։

Ըստ պաշտպանության նախարարի՝ մոբիլիզացիայի շրջանակներում կօգտագործվի ռեսուրսի մոտ 1%-ը․ «Ռուսաստանը ունի մոբիլիզացիոն հսկայական ռեսուրս, գրեթե 25 միլիոն մարդ»:

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, թե զինվորական ծառայության զորակոչի կենթարկվեն միայն այն քաղաքացիները, ովքեր ներկայումս գտնվում են պահեստազորում և, առաջին հերթին, զինված ուժերում ծառայածները, ովքեր ունեն որոշակի ռազմական մասնագիտություններ և համապատասխան փորձ։