Միջազգային

Ռուսաստանի դեսպանը կայցելի Բաքու և Երևան՝ խաղաղության պայմանագրի վրա աշխատելու համար

ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Իգոր Խովաևը սեպտեմբերին հերթական ուղևորություններ է կատարելու Բաքու և Երևան՝ հայ-ադրբեջանական խաղաղ պայմանագրի տեքստի վրա աշխատանքը շարունակելու համար. «Риа Новости»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը:

«Խաղաղության պայմանագրի պատրաստման թեման կարևոր տեղ է զբաղեցնում հայ-ադրբեջանական կարգավորմանն աջակցելու՝ մեր ջանքերում։ Համապատասխան ռուսական օգնության պահանջարկը մեզ հաստատել են և՛ Բաքվում, և՛ Երևանում։ Իհարկե, մեզ համար դա ինքնագովազդի հարց չէ, այլ հսկայական պատասխանատվություն»,-հայտարարել է Գոնչարը։

Նա հիշեցրել է, որ այդ ջանքերին համակարգային և առարկայական բնույթ հաղորդելու համար Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հատուկ հանձնարարություններով դեսպան Խովաևի վրա է դրել Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման աջակցության հարցերով հատուկ ներկայացուցչի գործառույթները: