Միջազգային

Ֆրանսիան Ադրբեջանին կոչ է անում վերադառնալ Բաքվի և Երևանի միջև հրադադարի պահպանմանը

Ֆրանսիան Ադրբեջանին կոչ է անում վերադառնալ Բաքվի և Երևանի միջև հրադադարի պահպանմանը։ Այս մասին հայտարարվել է երեքշաբթի՝ սեպտեմբերի 13-ին, Ելիսեյան պալատում պետության ղեկավարներ Էմանուել Մակրոնի և Իլհամ Ալիևի հեռախոսազրույցից հետո։ 

«Նախագահ Ալիևի հետ հեռախոսազրույցում նախագահ Մակրոնն ընդգծել է հրադադարի պահպանմանը վերադառնալու անհրաժեշտությունը։ Մակրոնն իր մտահոգությունն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած ռազմական գործողությունների կապակցությամբ, որոնք հանգեցրել են հայկական բնակավայրերի ռմբակոծման։ 

Ֆրանսիայի նախագահն Ալիևին հայտնել է ռազմական գործողությունները շտապ դադարեցնելու և հրադադարի ռեժիմի պահպանմանը վերադառնալու անհրաժեշտության մասին։ Նա պնդել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային ջանքերը շարունակելու և ակտիվացնելու անհրաժեշտությունը և հիշեցրել է իր պատրաստակամությունը բոլոր գործընկերների, մասնավորապես՝ Եվրամիության հետ միասին նպաստելու դրանց»,- ասված է հայտարարությունում։