Միջազգային

Ռիքերն ու Ղարիբաշվիլին անդրադարձել են իրենց մասնակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև միջնորդությանը

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Ժնևում հանդիպել է ԱՄՆ Պետդեպարտամենտի Կովկասյան բանակցությունների և Ժնևի միջազգային քննարկումների հարցերով գլխավոր խորհրդական Ֆիլիպ Ռիքերի հետ: Այս մասին հաղորդել է Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունը։

Իրակլի Ղարիբաշվիլին շնորհավորել է Ռիքերին՝ նոր պաշտոնի կապակցությամբ և հաջողություններ մաղթել հետագա աշխատանքում: Վարչապետի խոսքով՝ Վրաստանը տարածաշրջանում և նրա սահմաններից դուրս ԱՄՆ հուսալի գործընկերն ու հավատարիմ դաշնակիցն է:

Իրակլի Ղարիբաշվիլին և Ֆիլիպ Ռիքերը խոսել են Ուկրաինայում շարունակվող պատերազմի և անվտանգության բարդ իրավիճակի մասին, որը ստեղծվել է տարածաշրջանում և աշխարհում։ Զրույցում անդրադարձ է կատարվել նաև Վրաստանի օկուպացված տարածքներում ստեղծված բարդ իրավիճակին։ Ղարիբաշվիլին ընդգծել է, որ չափազանց կարևոր է հակամարտությունները խաղաղ ճանապարհով լուծելը։ Այս համատեքստում ընդգծվել է Ժնևի միջազգային քննարկումների կարևորությունը։

Ֆիլիպ Ռիքերը  վերահաստատել է ԱՄՆ ամուր աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը։

Զրույցում անդրադարձ է եղել նաև վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի միջնորդությամբ և Ֆիլիպ Ռիքերի մասնակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությանը, որի արդյունքում Ադրբեջանն ազատ է արձակել հայ գերիներին, իսկ Հայաստանը կարևոր քարտեզներ է փոխանցել Ադրբեջանին։