Միջազգային

Սաուդյան Արաբիայի թագաժառանգը հաջորդ շաբաթ կմեկնի Թուրքիա

Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամեդ Բին Սալմանը հունիսի 22-ին կմեկնի Անկարա։ Այս տեղեկությունն այսօր հաստատել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Թագաժառանգի այցը նախատեսված է հաջորդ չորեշքաբթի։ Մենք նրա հետ կհանդիպենք Անկարայում գտնվող նախագահական նստավայրում։ Լինելու են դեմ առ դեմ հանդիպումներ և բանակցություններ պատվիրակությունների կազմում։ Դրանց ընթացքում մենք հնարավորություն կունենանք քննարկել Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի հարաբերությունները խորացնելու, բարձր մակարդակի բերելու ուղիները», - հայտարարել է Էրդողանը։

Անկարայի և Էր-Ռիյադի հարաբերությունները կտրուկ սրվեցին 2018-ի աշնանը՝ հայտնի սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանությունից հետո։ Այն կազմակերպվել էր Սաուդյան Արաբիայի Ստամբուլի հյուպատոսության շենքում՝ Էր-Ռիյադից ժամանած հատուկ ծառայությունների գործակալների կողմից։