Միջազգային

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար. «Ֆինլանդիան և Շվեդիան համաձայն են ընդառաջել Թուրքիայի մտահոգություններին»

«Ֆինլանդիան և Շվեդիան պատրաստ են փարատել հակաահաբեկչության դեմ պայքարի առումով Թուրքիայի որոշ մտահոգությունները, որպեսզի հնարավորինս շուտ դառնան ՆԱՏՕ-ի անդամ, սակայն ժամանակը հայտնի չէ»,- չորեքշաբթի օրը հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ Բրյուսելում դաշինքի երկրների պաշտպանության նախարարների հանդիպման նախօրեին կայացած ասուլիսում։

«Թուրքիան ՆԱՏՕ-ի կարևոր դաշնակիցն է և մտահոգություն է հայտնել՝ ահաբեկչության դեմ պայքարի հետ կապված: Երբ դաշնակիցը մտահոգություններ է բարձրացնում, դրանք օրինական են, մենք պետք է սեղանի շուրջ քննարկենք դրանք: Դա այն է, ինչ մենք հիմա անում ենք: Ողջունում են ազդանշանները Շվեդիայից և Ֆինլանդիայից առ այն, որ նրանք պատրաստ են քայլեր ձեռնարկել՝ այդ մտահոգությունները լուծելու համար»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ասել է Ստոլտենբերգը։