Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ ԵՄ անդամ Խորվաթիան 2023 թվականի հունվարի 1-ից պատրաստ է անցնել եվրոյի կիրառության։ Այս գործընթացով եվրագոտու անդամ երկրների թիվը կհասնի քսանի։
«Այսօր Խորվաթիան կարևոր քայլ է կատարել եվրոյի՝ մեր ընդհանուր արժույթի, ընդունման ուղղությամբ: ԵՄ-ին անդամակցելուց տասը տարի չանցած՝ Խորվաթիան պատրաստ է հունվարի 1-ին միանալ եվրագոտուն: Դա կուժեղացնի Խորվաթիայի տնտեսությունը՝ օգուտ բերելով քաղաքացիներին, բիզնեսին և, ընդհանուր առմամբ, հասարակությանը: Խորվաթիայի կողմից եվրոյի ընդունումը կամրապնդի նաև եվրոն»,- ասել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։
Նրա խոսքով՝ առաջին համաեվրոպական թղթադրամների հայտնվելուց քսան տարի անց «եվրոն դարձել է աշխարհի ամենաազդեցիկ արժույթներից մեկը՝ բարելավելով միության միլիոնավոր քաղաքացիների կենսապայմանները»: Եվրահանձնաժողովի ղեկավարը, շնորհավորելով Խորվաթիային, եվրոն համարել է «եվրոպական ուժի և միասնության խորհրդանիշ»։
Եվրահանձնաժողովի կոմյունիկեում ասվում է, որ եզրակացությունը, որ Խորվաթիան համապատասխանում է անհրաժեշտ չափանիշներին, ամրագրված է 2022-ի կոնվերգենցիայի զեկույցում։ Այս փաստաթուղթը գնահատում է «Բուլղարիայի, Չեխիայի, Խորվաթիայի, Հունգարիայի, Լեհաստանի, Ռումինիայի և Շվեդիայի առաջընթացը՝ եվրոյի գոտուն միանալու ուղղությամբ»։ Սրանք եվրագոտու անդամ չհանդիսացող յոթ ԵՄ անդամ երկրներն են, որոնք իրավաբանորեն պարտավորվել են ընդունել եվրոն: Զեկույցը եզրակացնում է, որ միայն Խորվաթիան և Շվեդիան են համապատասխանում գների կայունության չափանիշին։