Միջազգային

Կուբայում հյուրանոցի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 43-ի

Կուբայի մայրաքաղաք Հավանայում մայիսի 6-ին հյուրանոցում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 43-ի, ևս 97-ը վիրավորվել է։ Կուբայի առողջապահության նախարարության տվյալներով՝ 37 տուժած արդեն դուրս է գրվել հիվանդանոցներից, 3 մարդ անհետ կորել է պայթյունից հետո։

Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելը, ով մայիսի 8-ին այցելել է հիվանդանոցում գտնվող վիրավորներին, տեղի ունեցածն անվանել է դժբախտ պատահար և կոչ արել քաղաքացիներին՝ արյուն հանձնել։

Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Հավանայի Կապիտոլիումի դիմաց գտնվող «Սարատոգա» հյուրանոցում տեղի ունեցած պայթյունը, ամենայն հավանականությամբ, կապված է եղել գազի արտահոսքի հետ։ Հավանայի պատմական շենքը կառուցվել է 1880 թվականին։ 1933 թվականից այն գործում է որպես հյուրանոց։