Միջազգային

Բուչայի ոճրագործությունը տիեզերքից արված լուսանկարներով

Երբ հանգստյան օրերին Բուչայի փողոցներում ընկած, խաղաղ բնակիչների դիակների լուսանկարները տարածվեցին համաշխարհային մամուլում, որոնցից մի քանիսը կապկպված էին, ոմանք էլ գլխին կրակոցներ էին ստացել, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրաժարվեց պատասխանատվություն ստանձնել դրա համար։ Կիրակի օրը՝ Telegram-ով, ՌԴ Պն-ն հայտարարել էր, որ մարմինները հայտնվել են  փողոցներում այն բանից հետո, երբ մարտի 30-ին «բոլոր ռուսական միավորները ամբողջովին հեռացել են Բուչայից»։

Ռուսաստանը պնդում էր, որ լուսանկարները «հերթական խաբեությունն» են և կոչ է արել անցկացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ՝ Բուչայում «ուկրաինական արմատականների սադրանքների» վերաբերյալ։ Ամերիկյան «Times» պարբերականի տեսանյութերի և արբանյակային պատկերների վերանայումը ցույց է տալիս, որ խաղաղ բնակիչներից շատերը սպանվել են ավելի քան երեք շաբաթ առաջ, երբ քաղաքը գտնվում էր Ռուսաստանի բանակի վերահսկողության տակ։

Ապրիլի 1-ին ուկրաինական տեղական համայնքի խորհրդի անդամի նկարահանած տեսանյութերից մեկում երևում են բազմաթիվ մարմիններ, որոնք ցրված են Բուչայի Յաբլոնսկայա փողոցի երկայնքով: «Maxar Technologies»-ի կողմից «Times»-ին տրամադրած արբանյակային պատկերները ցույց են տալիս, որ դրանցից առնվազն 11-ը մարտի 11-ից ընկած են եղել փողոցում, երբ Ռուսաստանն, իր իսկ վկայությամբ, արդեն գրավել էր քաղաքը:

Պարզելու համար, թե երբ են մարմինները հայտնվել և թե երբ են խաղաղ բնակիչները, ամենայն հավանականությամբ, սպանվել՝ «Times»-ի Վիզուալ հետաքննությունների խումբ կատարել է ընկած դիակների՝ մինչև փողոցում հայտնվելու և դրանից առաջ արված արբանյակային պատկերների համեմատական վերլուծություն: Նկարները ցույց են տալիս մարդու մարմնի նմանվող, փոքր չափերի, աղոտ երևացող օբյեկտներ, որոնք մարտի 9-11-ն ընկած ժամանակահատվածում են հայտնվել Յաբլոնսկայա փողոցում :

Ինչպես երևում է ապրիլի 1-ի կադրերում, օբյեկտները գտնվում են ճիշտ նույն դիրքերում, որոնցում մարմինները գտնվել են այն բանից հետո, երբ ուկրաինական ուժերը հետ են գրավել Բուչան: Հետագա վերլուծությունները ցույց են տալիս, որ օբյեկտներն այդ դիրքերում մնացել են ավելի քան երեք շաբաթ։

Մահվան պատճառները պարզված չեն. մարմիններից մի քանիսը գտնվել են հարվածային խառնարանի կողքին, մյուսները՝ լքված մեքենաների մոտ։ Մարմիններից երեքը ընկած էին հեծանիվների կողքին: Ոմանց ձեռքերը կապված էին մեջքի հետևում՝ սպիտակ կտորով։ Մարմինները ցրված էին Յաբլոնսկայա փողոցից ավելի քան կես կիլոմետր հեռավորության վրա:

Սրանք ընդամենը մի քանիսն են խաղաղ բնակիչների այն մարմիններից, որոնք հայտնաբերվել են շաբաթ օրվանից: «Associated Press»-ը հրապարակեց գրասենյակային շենքի ետնամասում ընկած առնվազն վեց մահացած տղամարդկանց նկարներ, որոնցից մի քանիսի ձեռքերը կապված էին մեջքի ետևում։ Շենքը գտնվում է Յաբլոնսկայա փողոցի երկայնքով գտնված մյուս զոհերից՝ մեկ կիլոմետր դեպի արևմուտք:

Մեկ կիլոմետր էլ հեռու «The Times» թերթի լուսանկարիչը հայտնաբերել է հեծանիվի կողքին ընկած մի մարդու դիակ, որը գլխին ստացել էր հրազենային վնասվածք:

© Malachy Browne, David Botti, Haley Willis