Միջազգային

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս շուտ կնքվի. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուի հետ հանդիպման ժամանակ հաստատել է, որ ապրիլի 6-ին պատրաստվում է Բրյուսելում հանդիպում անցկացնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և պնդել է, որ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս շուտ կնքվի։

«ԵՄ-ն հայտարարել է, որ Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի միջնորդությամբ նախատեսվում է Հայաստանի վարչապետի հետ հանդիպում։ Հուսով եմ, որ այդ հանդիպումն արդյունավետ կլինի։ Արդեն մի քանի հանդիպում եղել է, մենք պետք է առաջ շարժվենք խաղաղության պայմանագիր կնքելու ճանապարհով ու ստորագրենք այդ փաստաթուղթը հնարավորինս սեղմ ժամկետներում։ Ադրբեջանը ներկայացրել է իր տեսլականներն այս հարցի շուրջ»,-ասել է Ալիևը։ «Մենք որոշակի ազդակներ ենք ստանում հայ պաշտոնյաներից։ Ինչպես վերջերս տեղեկացա, այդ ուղերձներից մեկն այն է, որ նրանք ընդունելի են համարում մեր առաջարկը։ Սա շատ լավ նորություն է, և ես հուսով եմ, որ այս հարցը կհստակեցվի Բրյուսելում կայանալիք հանդիպմանը», - հավելել է Ալիևը։