Ցորենի գների թանկացման ֆոնին շատ երկրներում մեծանում են հնարավոր սովի ռիսկերը։ Կարո՞ղ է արդյոք ԵՄ-ն, որպես հացահատիկի մատակարար, փոխարինել Ռուսաստանին և Ուկրաինային՝ մեղմելով ուկրաինական պատերազմի հետևանքները: Նախ, լավ նորությունն այն է, որ ամբողջ աշխարհում բավականաչափ ցորեն է աճեցվում՝ համապատասխան պահանջարկը բավարարելու համար: Իսկ վատ նորությունն այն է, որ ցորենը գնալով թանկանում է և չի մշակվում այնտեղ, որտեղ դրա կարիքն ամենաշատը կա։ Ռուսական իշխանությունների կողմից ցորենի, գարու և տարեկանի արտահանման ժամանակավոր (մինչև հունիսի վերջ) արգելքից հետո հացահատիկի գները կրկին բարձրացան՝ ուժեղացնելով հնարավոր սովի և պարենային ճգնաժամի ռիսկերը։
Հացահատիկը՝ որպես զենք
«Ռուսաստանից ցորենի արտահանման մասնակի արգելք դնելով՝ Վլադիմիր Պուտինը հացահատիկն օգտագործում է որպես զենք և սպառնում է միջազգային պարենային անվտանգությանը, հատկապես՝ Աֆրիկայի հարավի աղքատ երկրների համար»,- հայտարարել է Եվրախորհրդարանի գերմանացի պատգամավոր, գյուղատնտեսության փորձագետ Մարտին Հոյսլինգը։ Ռուսաստանը, ըստ նրա, նոր՝ մինչ այժմ բոլորովին անհայտ, մարտահրավեր է նետում աշխարհին:
Գերմանիայի էկոնոմիկայի և արտահանման վերահսկողության դաշնային գրասենյակի տվյալներով՝ աշխարհում ցորենի արտադրության մեջ Ուկրաինայի մասնաբաժինը կազմում է 11,5%, Ռուսաստանինը՝ 16,8%։ Ինչ վերաբերում է եգիպտացորենին՝ ապա համաշխարհային շուկայի արտահանման 17%-ը բաժին է ընկնում Ուկրաինային։ Ռուսական և ուկրաինական հացահատիկից կախվածությունը չի սահմանափակվում աֆրիկյան կամ մերձավորարևելյան շատ երկրներով: Այն նաև ազդում է այնպիսի պետությունների վրա, ինչպիսիք են Թուրքիան, Հնդկաստանը և Չինաստանը:
Հիմնական գնորդներն են Թուրքիան և Չինաստանը
ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD) «Պատերազմի ազդեցությունը Ուկրաինայի առևտրի և զարգացման վրա» զեկույցի համաձայն, որը հրապարակվել է մարտի 16-ին, Ռուսաստանի և Ուկրաինայի մասնաբաժինը՝ ներկրվող ցորենի, եգիպտացորենի, գարու, ռապի սերմերի և արևածաղկի ձեթի մեջ, Թուրքիայի դեպքում կազմում է 25,9%, Չինաստանի՝ 23%, իսկ Հնդկաստանի դեպքում՝ 13%։
Ըստ UNCTAD-ի զեկույցի՝ հացահատիկի, էլեկտրաէներգիայի, պարարտանյութի և տրանսպորտի գների աճը, հացահատիկի դատարկ ամբարները և կորոնավիրուսային համաճարակը վտանգում են միլիոնավոր մարդկանց սննդի մատակարարումը՝ առաջացնելով սով և խթանելով գնաճը: .
Ինքնաբավ ԵՄ
Մինչ ԵՄ երկրներում ամբարները լիքն են, պարենային ճգնաժամը հատկապես ծանր հարված հասցրեց այն երկրներին, որոնք արդեն իսկ տառապում էին տնտեսական խնդիրներից։
ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) տվյալներով՝ 2020 թվականին՝ կորոնավիրուսի համավարակի առաջին տարում, համաշխարհային շուկայում գյուղատնտեսական արտադրանքի արժեքը 31%-ով ավելի է, քան մեկ տարի առաջ։ Դրա պատճառներից մեկն էլ, օրինակ, համավարակի ժամանակ դրա պահպանման ծախսերն էին։
Իրավիճակի այս զարգացումը հատկապես վնասում է աֆրիկյան շատ երկրների բնակչությանը։ «Կարճաժամկետ հեռանկարում Ռուսաստանից և Ուկրաինայից ներմուծումը ներաֆրիկյան առևտրով փոխարինելու հնարավորությունները շատ փոքր են, քանի որ մատակարարումը ցածր է, տրանսպորտային ենթակառուցվածքը վատ վիճակում է, իսկ պահեստավորման հզորությունը՝ անբավարար»,- ասվում է UNCTAD-ի զեկույցում:
«Եվրամիությունը պետք է միջամտի»
«Սնունդն, ընդհանուր առմամբ, դեռ այնքան է արտադրվում, որ կկերակրի աշխարհի մարդկանց: Բայց այն չի արտադրվում այնտեղ, որտեղ դրա հրատապ կարիքը կա»,- ասում է Deutsche Welthungerhilfe-ի ներկայացուցիչ Սիմոնե Փոթը:
Պարենային ճգնաժամը ցույց է տալիս, որ այն երկրները, որոնք մեծապես կախված են ռուսական և ուկրաինական ներմուծումից, ներդրումներ չեն կատարում սեփական գյուղատնտեսական արտադրության և գյուղական շրջանների զարգացման մեջ: «Ուստի ես կխոսեի ոչ թե սննդի պակասի, այլ պարենային ճգնաժամի մասին»,- պարզաբանել է Փոթը։
Եվրախորհրդարանի գերմանացի պատգամավոր Մարտին Հոյսլինգն, իր հերթին, պահանջում է, որ Եվրամիությունը միջամտի իրավիճակին և ստանձնի աղքատ երկրներին հացահատիկ մատակարարելու՝ ուկրաինական «բաժնի» պատասխանատվությունը։ «ԵՄ-ն ավելի քան 100%-ով ինքնաբավ է գյուղարտադրության բազմաթիվ ոլորտներում և զուտ արտահանող է»,- հավելել է Հոյսլինգը: