ՆԱՏՕ-ի բրյուսելյան գագաթնաժողովի կոմյունիկեն շատ զուսպ կերպով խոստանում է շարունակել գործնական աջակցությունն Ուկրաինային՝ ինքնապաշտպանության հարցում։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ Նրա խոսքով՝ դաշինքի որոշ երկրներ գագաթնաժողովի ընթացքում հանդես են եկել «Ուկրաինայի աջակցության կոնկրետ առաջարկներով»։ Ստոլտենբերգը, անդրադառնալով Զելենսկու՝ անսահմանափակ օգնության խնդրանքին, նշել է. «Մենք շատ սարքավորումներ ենք մատակարարում, սա է մեր պատասխանը»: ՆԱՏՕ-ի ռազմական օգնությունը Ուկրաինային սահմանափակվում է հակատանկային հրթիռային համակարգերով (ATGM), մարդատար շարժական ՀՕՊ համակարգերով (MANPADS) և փոքր սպառազինությամբ: Նման զենքերը կարող են միայն սահմանափակ պաշտպանություն ապահովել ռուսական հրթիռային ռմբակոծություններից և հրետանային հարձակումներից:
ՆԱՏՕ-ի երկրները Ուկրաինային կտրամադրե՞ն ծանր սպառազինություն
ՆԱՏՕ-ում անդադար կրկնում են, որ չեն պատրաստվում ուղղակիորեն միջամտել ռուս-ուկրաինական պատերազմին։ Իսկ գագաթնաժողովի հիմնական որոշումները վերաբերում էին հենց ՆԱՏՕ-ի պաշտպանության ուժեղացմանը։ Մասնավորապես, Սլովակիայում, Հունգարիայում, Ռումինիայում և Բուլղարիայում կտեղակայվեն այնպիսի զորամիավորումներ, ինչպիսիք են Բալթյան երկրներում և Լեհաստանում գտնվողները։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ամենաանկեղծն էր՝ ՆԱՏՕ-ի որոշումները մեկնաբանելիս. «Կա սահման՝ չդառնալ պատերազմի մասնակից: Բոլոր դաշնակիցները համաձայն են դրան: Հետևաբար, այսօր ոչ ոք չգնաց՝ նոր տեխնիկա մատակարարելու, առաջին հերթին՝ ինքնաթիռներ կամ տանկեր, քանի որ դա կնշանակեր դառնալ պատերազմի մասնակից»,- հայտարարել էր Մակրոնը։ Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ն համաձայնել է, որ իրենք շարունակելու են օգնել Ուկրաինային նույն ձևով, ինչ՝ նախկինում։
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն, իր հերթին, նշել է, որ զենքի մատակարարման հարցում «յուրաքանչյուր երկիր ունի իր չափանիշները, չկա մեկ սկզբունք»։
Իսկ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընդհանուր տրամադրությունն այսպես է բնութագրել. «Բոլորն ուզում են համոզվել, որ եթե Պուտինը ուժեղացնի ագրեսիան, մենք կարող ենք մեծացնել մեր ներդրումը՝ ուկրաինացիների պաշտպանության գործում»: Նա խոստացել է հոգ տանել Ուկրաինային «որակյալ և մեծ քանակի» զենք տրամադրելու մասին, որն անհրաժեշտ է Զելենսկուն՝ «իր երկիրը ագրեսիվ հարևանից պաշտպանելու համար»։