Միջազգային

«Չինաստանը պարտավորվում է հարգել և չմիջամտել Աֆղանստանի գործերին». Վան Յի

«Չինաստանը հարգում է Աֆղանստանի ինքնիշխանությունը, աֆղանական ժողովրդի նախասիրությունները և չի ձգտում միջամտել երկրի ներքին գործերին ու ազդել Քաբուլի վրա». այս մասին հինգշաբթի օրը՝ մարտի 24-ին, Աֆղանստան կատարած այցից հետո ասել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Յին։

Չինաստանի ԱԳՆ-ից հայտնում են, որ այցի ընթացքում նախարարը հանդիպել է  Աֆղանստանի կառավարության ղեկավարի ժ/պ-ի, թալիբների ժամանակավոր կառավարության փոխվարչապետ Մոլլա Աբդուլգանի Բիրադերի և ժամանակավոր կառավարության ԱԳ նախարար Էմիրխան Մութթաքիի հետ։ Վան Յիի այցը Քաբուլ ամենաբարձր մակարդակի շփումն էր Չինաստանի ու թալիբների միջև՝ վերջիններիս՝ իշխանության գալուց ի վեր: Վան Յին թալիբներին տեղեկացրել է Աֆղանստանի հետ հարաբերություններում ներքին գործերը հարգելու և չմիջամտելու՝ Չինաստանի հանձնառության մասին։ Վան Յին ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Չինաստանը միակ գերտերությունն է, որը մինչ այսօր չի վնասել Աֆղանստանին։

«Պեկինը հարգում է Աֆղանստանի անկախությունը, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը, աֆղանական ժողովրդի անկախ ընտրությունը, նրանց կրոնական համոզմունքներն ու ավանդույթները։ Չինաստանը երբեք չի միջամտի Աֆղանստանի ներքին գործերին, երբեք չի հետապնդի իր սեփական շահերը և երբեք չի փորձի, այսպես կոչված, ազդեցության գոտի ստեղծել»,- ասել է նախարարը։

Վան Յին նշել է, որ չինացիները ցանկանում են բարեկամական հարաբերություններ հաստատել Աֆղանստանի ժողովրդի հետ։ «Մենք ցանկանում ենք հարաբերություններ հաստատել Աֆղանստանի հետ՝ հիմնված խաղաղ գոյակցության սկզբունքների վրա, օգնել Աֆղանստանին՝ հասնել իրական անկախության և զարգացման»,- հավելել է նախարարը։

Հատկանշական է, որ այցը կատարվել է Աֆղանստանի հարևան երկրների արտգործնախարարների հանդիպման նախօրեին, որոնց Չինաստանը կհյուրընկալի հաջորդ շաբաթ։