Վերլուծություն

Լեհաստանը՝ ռուս-ուկրաինական կոնֆլիկտի հավանական շահող

Միջազգային մամուլի և տեղեկատվական պատերազմի տեմպերի անկումը սկսում է հուշել, որ ռուս-ուկրաինական հակամարտության ռազմական փուլի ավարտը, թերևս, սարերի ետևում չէ, գուցե՝ օրերի կամ շաբաթների հարց է։ Ռուս-ուկրաինական պատվիրակություններն օնլայն ու տետ-ա-տետ ակտիվ բանակցությունների փուլում են, ակտիվ աշխատում են ենթախմբերը, որոնք քննարկում են բազմատեսակ առանցքային ու միկրո-խնդիրներ։ Մամուլում տարածվեցին նաև Ուկրաինայի չեզոքության կարգավիճակի հնարավոր օրինակները՝ շվեդական կամ ֆինլանդական օրինակներով։ Կարծես, բաց են մնում միայն Դոնեցկի, Լուգանսկի ու Ղրիմի վերջնական կարգավիճակի ու հնարավոր ելքերի հարցերը։ Իր հերթին, Ուկրաինայի նախագահ Զելենսկին հայտարարել է, որ ինչ լուծում էլ լինի, ինչ փոխզիջումներ էլ լինեն, դրանք պետք է դրվեն համապետական հանրաքվեի, և ուկրաինացի ժողովուրդը պիտի որոշի զիջումների ու բանակցությունների կարմիր գծերը։

Այս համատեքստում չափազանց առանցքային է դառնում արևելաեվրոպական տարածաշրջանում նոր հեգեմոնի հարցը։ Լեհաստանը այս կոնֆլիկտում հնարավորություն է ստանում ռազմավարական հաղթանակ տանել՝ տարածաշրջանում դառնալով նոր գերիշխող խաղացող։ Այս ամենն, իր հերթին, չի կարող չանհանգստացնել լեհական հեգեմոնային վախով հետևող Գերմանիային։ Եվ բնական է, որ Գերմանիան այս կոնֆլիկտի ամենամեծ «զոհն» է՝ Ռուսաստանից հետո։ Թեև, մարտավարական առումով, Ռուսաստանը կարող է իր կարճաժամկետ նպատակները իրագործել ու ոչնչացնել Ուկրաինան՝ որպես ՆԱՏՕ-ի հետագա ընդլայման հեռանկարի համար ռազմավարական կարևորության երկիր, սակայն, արդյունքում, կստանա գերհզոր Լեհաստան՝ նոր տարածաշրջանային հավակնություններով ու օրակարգով։

Վարշավան, փաստացի, հայտ է ներկայացնում՝ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի համար դառնալ այն, ինչ Թուրքիան և Իսրայելն են՝ մերձավորարևելյան տարածաշրջանում։ Ուկրաինական ճգնաժամի հետևանքով Վարշավայի դիվանագիտական ​​և ռազմական կշիռը միայն ու միայն աճում է:

Դեռևս հունվարից՝ Արևելյան Եվրոպա ժամանող ամերիկյան զորքերի գլխավոր ուղղությունը և հենակետը հենց Լեհաստանն է։ Փետրվարի սկզբին Լեհաստան և Գերմանիա 2000 զինվոր ուղարկելուց հետո Վաշինգտոնը 3000-անոց լրացուցիչ զորք տեղակայեց Լեհաստանում, այդ թվում՝ 101-րդ օդադեսանտային դիվիզիան: ԱՄՆ Պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը նաև հայտարարեց Վարշավային 6 միլիարդ դոլարի զենք վաճառելու մասին, որը կներառի 250 հատ M1 Abrams տանկ: Ավելին, ուկրաինական կոնֆլիկտից դեռ շաբաթներ առաջ Վաշինգտոնը Ուկրաինայի իր դիվանագիտական ​​անձնակազմը տեղափոխեց Լեհաստան։

Միևնույն ժամանակ, Լեհաստանը Կիևին կենսական աջակցություն է ցուցաբերում։ Դեկտեմբերից լեհ քաղաքական գործիչներն այցելում են Կիև՝ Ուկրաինային համերաշխություն հայտնելու։ Իր հերթին, Լեհաստանի նախագահ Մարովիեցկին հայտարարեց, որ երկիրը մտադիր է տասնյակ հազարավոր հրետանային արկեր, հակաօդային զենքեր և ականանետեր ուղարկել Ուկրաինա։ Ի թիվս աշխարհաքաղաքական վերադասավորումների՝ ուկրաինական պատերազմից շաբաթներ առաջ ավարտվեց Լեհաստանի, Ուկրաինայի և Միացյալ Թագավորության միջև անվտանգության նոր եռակողմ համաձայնագրի ստորագրումը, որի նպատակն է՝ բարելավել 3 երկրների միջև առևտրային և պաշտպանական համագործակցությունը և այն համապատասխանեցնել նոր մարտահրավերներին։

Ներկայումս Լեհաստանը, Ռուսաստանից հետո, Արևելյան Եվրոպայում բացարձակ առաջատարն է՝ պաշտպանական ծախսերի առումով, և հենց Լեհաստանի՝ այսպիսի առանցքային դիրքավորումը տարածաշրջանում նրան դարձնում է Մոսկվայի դեմ ՆԱՏՕ-ի զսպման համակարգի առանցքային դերակատարը: Դեռ ներկայիս ճգնաժամից առաջ Լեհաստանը, որը ՆԱՏՕ-ին անդամակցել է 1999թ.՝ դաշինքի տարածաշրջանային ընդլայնման առաջին ալիքի ժամանակ, արդեն իսկ պատմական, ռազմաքաղաքական ու տնտեսական դիմակայության մեջ էր Ռուսաստանի հետ: Առաջին համաշխարհային պատերազմից առաջ՝ 1795թ.-ից, Լեհաստանը 123 տարի բաժանված է եղել Պրուսիայի, ավստրո-հունգարական ու ռուսական կայսրությունների միջև։ Ցարական կայսրության անկումից հետո լեհերն առաջինն էին, որ ջախջախել էին բոլշևիկներին։ Դրանից հետո արդեն բոլշևիկյան Ռուսաստանը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կրկին ներխուժեց Լեհաստան և ստեղծեց խամաճիկային կոմունիստական ռեժիմ, որը տևեց մինչև 1989թ. հեղափոխական իրադարձությունները: Այդ ժամանակից ի վեր՝ 2 երկրները պայքարում էին տարածաշրջանային գերիշխանության համար:

Ռուսական միջամտությունից ու ենթակայությունից զերծ, բարգավաճ Ուկրաինայի ստեղծումը Վարշավայի համար ավելին է, քան պարզապես բուֆերային անվտանգությունը: Դա նաև կենսական նշանակություն ունի՝ երկու երկրների միջև տնտեսական և սոցիալական կապերի պահպանման համար: Չինաստանից հետո Լեհաստանը Ուկրաինայի երկրորդ խոշոր առևտրային գործընկերն է, և, որպես Լեհաստանի ամենամեծ ներգաղթյալ խումբ, ուկրաինացի միգրանտները դարձել են Լեհաստանի տնտեսության անբաժանելի մասն ու շարժիչ ուժը: Այժմ լեհերն ավելի ու ավելի են զգուշանում Ռուսաստան-Ուկրաինա ճգնաժամի ֆոնին իրենց սահմաններին սպառնացող վտանգներից: Բացի ապատեղեկատվության հոսքերի, կիբերհարձակումների և հիբրիդային պատերազմի այլ տեսակները, որոնց Լեհաստանը բախվեց բելառուսական դեպքերի ժամանակ՝ անցյալ տարի, ռուսական ուժերը, որոնք տեղակայված էին Բելառուսում, Վարշավայից 124 մղոն հեռավորության վրա են և վաղեմի գոյաբանական վախերի իսկական կատալիզատոր են հանդիսանում Լեհաստանի համար:

Գոռ Մադոյան