Միջազգային

Արդյո՞ք պաշտոնական Վաշինգտոնը խուսափում է համաշխարհային պատերազմից

Մինչ օրս Սպիտակ տունը խուսափում է անմիջականորեն ներգրավվել Ուկրաինայում կատարվող գործողություններին: Բայց սպառազինության և օժանդակության մեծացման պլանները, հնարավոր է, հետևանքներ ունենան:  

Ջո Բայդենը արժանի է հարգանքի՝ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժմանը հակազդելու ամենավտանգավոր տարբերակները բացառելու համար: Այնուամենայնիվ, Միացյալ Նահանգների պաշտոնյաները շարունակում են տենչալ այլ տարբերակներ, որոնք ունեն ահռելի վտանգներ՝ ներքաշելու ԱՄՆ-ին Ռուսաստանի դեմ զինված հակամարտության մեջ: 

Սկզբում Բայդենը վճռականորեն հայտարարեց, որ Միացյալ Նահանգները զորքեր չեն ուղարկի Ուկրաինա կամ որևէ այլ կերպ անմիջական ռազմական հակամարտության մեջ չեն մտնի Ռուսաստանի հետ: Դրանից հետո նա նաև հակազդել էր Ուկրաինայի շուրջ ոչ թռիչքային գոտի մտցնելու պահանջներին։ Որոշում, որը գրեթե նույնչափ անխոհեմ քայլ կլիներ, որքան Միացյալ Նահանգների ցամաքային ուժերի ներգրավումը կոնֆլիկտին: Ոչ թռիչքային գոտու ստեղծումը կհանգեցներ ռուսական ինքնաթիռները օդում հարվածելու անխուսափելիության, որը կհնանգեցներ համաշխարհային պատերազմի։ Բայդենը բավականաչափ շրջահայաց է՝ հասկանալու համար, որ այդ քայլը, մեծ հավանականությամբ, կհրահրեր պատերազմ Միացյալ Նահանգների և Ռուսաստանի միջև՝ հնարավոր միջուկային պատերազմի հետևանքներով: Բայդենը նույնիսկ չեղարկեց ՆԱՏՕ-ի որոշ դաշնակիցների (հատկապես՝ Լեհաստանի) առաջարկը՝ Ուկրաինային կործանիչ ինքնաթիռներ տրամադրել: Այդ որոշումը նաև որոշակի աջակցություն գտավ Բայդենի խորհրդականների շրջանում:

Սպիտակ տունը ետ կանգնեց այդ ծրագրից, երբ պարզ դարձավ, որ Վարշավան ցանկանում էր կործանիչները տեղափոխել Գերմանիայում Միացյալ Նահանգների ռազմական բազա: Միացյալ Նահանգները այդպիսով պատասխանատու կլիներ այդ ինքնաթիռներն Ուկրաինա տեղափոխելու համար՝ Ռուսաստանի հետ հակամարտության սրացման մեջ Վաշինգտոնին դարձնելով դերակատար: Բայդենի վարչակազմը պաշտպանեց նախագահի այդ դիրքորոշումը, անգամ՝ երբ ավելի քան 40 հանրապետական սենատոր բաց նամակ ստորագրեց՝ ճնշում գործադրելով նախագահի վրա՝ Վարշավայի վտանգավոր ծրագրին աջակցելու համար: 

Սակայն, այնուամենայնիվ, կան այլ տարբերակներ, որոնք ստանում են Սպիտակ տան և վարչակազմի աջակցությունը ու կարող են խորացնել ճգնաժամը՝ Միացյալ Նահանգներին ներքաշելով Ռուսաստանի հետ ուղիղ առճակատման մեջ: Անգամ մինչև առաջին ռուսական զորամիավորումների՝ ուկրաինական սահմանը հատելը, Վաշինգտոնը և ՆԱՏՕ-ի որոշ դաշնակիցներ առատաձեռնորեն զինել էին Կիևը և վերապատրաստել ուկրաինական զորքերին: Այդ սպառազինության փաթեթները ներառում էին «Ջավելին» հակատանկային հրթիռները, որոնք լուրջ վնաս են հասցրել ռուսական զրահապատ շարասյուներին: Մատակարարումներում ընդգրկվել են ավելի շատ «Ջավելիններ» և «Ստինգեր» հակաօդային հրթիռներ: 

Անցած շաբաթ Բայդենի կողմից հայտարարված 3,5 մլրդ դոլլարի աջակցության փաթեթը ներառում է 800 հակաօդային հրթիռներ, 9.000 հակատանկային համակարգեր, 7.000 հրաձգային զենքեր, 20 մլն միավոր զինամթերք, զրահաբաճկոններ և, այսպես կոչված, «կամիկաձեներ»՝ «Սվիչբլեյդ» դրոններ: 

Միացյալ Նահանգները և իր դաշնակիցները նաև դիտարկում են Ուկրաինային S-300 օդային պաշտպանության համակարգեր մատակարարելու հնարավորությունը: 

Այս սպառազինության մատակարարումը չափազանց ռիսկային քայլ է: Մոսկվան արդեն նախազգուշացրել է, որ նման զենքեր տեղափոխող ավտոշարասյուները դիտարկվելու են որպես պատերազմական լեգիտիմ թիրախներ: Իսկ նման շարասյուներից որևէ մեկի վրա հարձակումը կարող է դառնալ ամերիկյան կամ ՆԱՏՕ-ի այլ ուժերի մարդկային կորուստների պատճառ` նույնիսկ, եթե ընդհարումը տեղի ունենա Ուկրաինայի տարածքում: 

Իր առաջին ելույթում, երբ Պուտինը հայտարարեց Ուկրաինայում «հատուկ ռազմական օպերացիայի» մասին, նաև նախազգուշացրեց բոլոր կողմնակի ուժերին (որը հստակ վերաբերում էր ՆԱՏՕ-ի անդամներին)՝ չմիջամտել: «Յուրաքանչյուրը, ով կցանկանա խանգարել մեզ, պետք է իմանա, որ Ռուսաստանի արձագանքը լինելու է անհապաղ, և բերելու է այնպիսի հետևանքների, որոնց երբևէ չեք առնչվել պատմության մեջ»: 

Ուկրաինական պատերազմին Միացյալ Նահանգների կողմից ՆԱՏՕ-ի սպառազինության շղթայով աջակցումը, ԱՄՆ կողմից հետախուզական տվյալներով Կիևի հետ կիսվելը, ուկրաինական ուժերին թիրախավորման վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը Պուտինը կարող է շատ պարզ մեկնաբանել որպես «անընդունելի միջամտություն» և կոնֆլիկտին ուղղակի աջակցություն։ 

Այդ պարագայում Բայդենն ու իր ադմինիստրացիան մեծացնում են Ռուսաստանի հետ ուղիղ առճակատման վտանգը: Դա նշանակում է՝ նրանք չափազանց վտանգավոր խաղ են խաղում երրորդ աշխարհամարտի հրահրման և կործանիչ միջուկային զենքի հարվածների հեռանկարի հետ: Ուկրաինայի անվտանգությունը, տարածքային ամբողջականությունն ու նույնիսկ անկախությունը անգամ հեռավոր կերպով չարժեն այնքան, որ Միացյալ Նահանգները նման վտանգի ենթարկի ամերիկացի ժողովրդին:  

Միացյալ Նահանգների համար աղետաբեր պատերազմից խուսափելու լավագույն տարբերակը հեռու մնալն է ցանկացած կարմիր գծերից, որոնք կարող են հակամարտություն հրահրել: Հիմարության գագաթնակետն է տեսնել, թե որքան կարող ենք մոտենալ նման գծերին՝ առանց դրանցից մեկը ակամա խախտելու: Սակայն Կիևին սպառազինությունների տրամադրմամբ և ուկրաինական ուժերի հետ հետախուզության տվյալներով կիսվելով՝ Բայդենի վարչակազմը որդեգրել է հենց այս մոտեցումը: 

Չափազանց զգուշավորությունը, գուցե, ավելի էական է Ռուսաստանի հետ հարաբերվելիս, քան որևէ այլ հզոր ուժի՝ թե՛ այն պատճառով, որ այդ երկիրը ունի միջուկային զենք, թե՛ այն, որ երկկողմանի հարաբերությունները դարձել են այդքան վտանգավոր: Մոսկվայի՝ Ուկրաինա ներխուժելու որոշմանը նախորդող տարիներին Միացյալ Նահագները և ՆԱՏՕ-ն խախտեցին կարմիր Կրեմլի «կարմիր գծերը»՝ հատկապես, Կիևի հետ ՆԱՏՕ-ի ընդարձակվող ռազմական համագործակցությամբ: Կրեմլը նախազգուշացրել է այս մասին՝ բազմիցս հայտարարելով, որ Ուկրաինային ՆԱՏՕ ընդգրկելը անվտանգության «կարմիր գիծ» է իր համար, որից դրդված՝ Ռուսաստանը կդիմի կոշտ հակազդեցության: 

Պատերազմից ընդամենը երկու ամիս առաջ Պուտինը պահանջեց, որ ՆԱՏՕ-ն տրամադրի անվտանգության երաշխիքներ մի շարք հարցերի վերաբերյալ, այդ թվում՝ նրա, որ Ուկրաինային երբեք չեն հրավիրի՝ միանալ ՆԱՏՕ-ին և, որ ՆԱՏՕ-ի ուժերը երբեք չեն տեղակայվի ուկրաինական հողում: Միացյալ Նահանգները և իր դաշնակիցները ձախողվեցին՝ Մոսկվայի պահանջներին դրական պատասխանելու հարցում: Նման ամբարտավանությունն ու կարճատեսությունը՝ Ռուսաստանի առանցքային անվտանգային շահերի նկատմամբ, նշանակալի դեր խաղաց ներկայիս ճգնաժամի ստեղծման համար: 

Հաշվի առնելով դեպքերի զարգացման այդ անհաջող պատմությունը՝ մենք պետք է ավելի մեծ զգուշավորությամբ ընդունենք ուկրաինական պատերազմի վերաբերյալ Պուտինի նոր նախազգուշացումները: Փոխարենը՝ Բայդենի վարչակազմը, կարծես, որդեգրում է Ուկրաինայի նկատմամբ յուրատեսակ ռազմավարություն՝ հիմնվելով այն մոդելի վրա, որ Վաշինգտոնը կիրառել է սովետական ուժերի դեմ՝ Աֆղանստանում, 1979-1989թթ.: Տրամադրելով ֆինանսական միջոցներ և սպառազինություն աֆղան մոջահեդներին՝ Միացյալ Նահանգները արյունաքամ արեց սովետական ուժերին և մեծ գլխացավանք ստեղծեց իրենց գերհզոր հակառակորդի համար: Այդ քայլը նման էր այն ռազմավարությանը, որ Մոսկվան օգտագործել էր Միացյալ Նահանգների դեմ՝ վիետնամական պատերազմի ժամանակ: 

Երկու դեպքում էլ թիրախավորված գերհզոր ուժը զերծ մնաց իր հակառակորդի նկատմամբ պատասխան ռազմական հարված հասցնելուց: Մենք չենք համարձակվի ենթադրել, սակայն, որ Ռուսաստանը Ուկրաինայի դեպքում կխաղա նույն հիբրիդային պատերազմի կանոններով: Ներխուժման մասին ազդարարող իր ելույթում Պուտինը օպերացիան նկարագրեց որպես «կյանքի և մահվան հարց», որին Ռուսաստանը բախվել է ՆԱՏՕ-ի ընդլայնման արդյունքում: 

Այդ մեկնաբանությունը պարզորոշ վկայում է, որ Կրեմլը պատրաստ է անել անհրաժեշտ ամեն ինչ՝ հաղթանակի հասնելու համար: Պուտինի համար կենսական տարածքում ուժեղացնելով Ռուսաստանի թշնամուն և արյունաքամ անելով ռուսական ուժերին՝ Վաշինգտոնը որդեգրում է հրահրիչ, ռիսկային ռազմավարություն: Բայդենի վարչակազմը սիրախաղի մեջ է երրորդ համաշխարհային պատերազմի՝ Արմագեդոնի հետ: 

22.03.2022.

Թեդ Գելըն Քարփենթըր

(c) ResponsibleStatecraft