Միջազգային

Ձերբակալվել է Բուլղարիայի նախկին վարչապետը

ԵՄ դատախազության հետաքննության հետ կապված ոստիկանական օպերացիայի շրջանակներում ձերբակալվել է Բուլղարիայի նախկին վարչապետ և խոշորագույն ընդդիմադիր «ԳԵՐԲ» կուսակցության առաջնորդ Բոյկո Բորիսովը, հայտնել է ներքին գործերի նախարարությունը։

Նախկին վարչապետ Բորիսովի տասնամյա իշխանությունն ավարտվեց անցած ապրիլին՝ ընտրություններից հետո։ Դեկտեմբերին իշխանության եկավ նոր կենտրոնամետ կոալիցիոն կառավարությունը՝  կաշառակերության նկատմամբ զրոյական հանդուրժողականություն հայտարարելով:

Բուլղարիայում Եվրոպական դատախազության (ԵԺԿ) կողմից իրականացված օպերացիայի ընթացքում ձերբակալվել են նաև կենտրոնամետ «ԳԵՐԲ» կուսակցության երեք այլ անդամներ, այդ թվում՝ ֆինանսների նախկին նախարար Վլադիսլավ Գորանովը։

Տասնյակ քաղաքական գործիչներ և «ԳԵՐԲ»-ի կողմնակիցներ հավաքվել են Սոֆիայի ծայրամասում գտնվող Բորիսովի տան դիմաց՝ պահանջելով նոր կառավարության հրաժարականը և նրան ու ոստիկանությանը մեղադրելով քաղաքական բռնաճնշումների մեջ։

«Բորիսովին դեռ մեղադրանք չի առաջադրվել։ Ոստիկանները խուզարկել են նրա տունը։ Նրան տարել են Ազգային ոստիկանությանշտաբ, որտեղ, ամենայն հավանականությամբ, մեկ օրով կկալանավորեն»,- ասել է նրա փաստաբան Մենկո Մենկովը, փոխանցում է Reuters-ը։

Երկու տարի առաջ մի շարք բուլղարական կայքեր Բորիսովի ենթադրյալ հարստություն ցուցադրող լուսանկարներ հրապարակեցին, այդ թվում՝ ոսկու ձուլակտորներով և 500 եվրոյանոց թղթադրամներով լցված դարակի:

Բորիսովը հերքում է իր կատարած ցանկացած խախտում և ասում, որ լուսանկարները քաղաքական հակառակորդների կողմից մշակված սխեմայի մասն են՝ իրեն զրպարտելու համար: