Չինաստանի վարչապետ Լի Կեցյանը մտադիր է հաջորդ տարի հեռանալ Չինաստանի կառավարության ղեկավարի պաշտոնից։ Այդ մասին նա հայտարարել է ուրբաթ՝ 13-րդ գումարման Ազգային Ժողովրդական Կոնգրեսի (խորհրդարան) հինգերորդ նստաշրջանին հաջորդած ասուլիսում։
«Այս տարին իմ, որպես վարչապետ, աշխատանքի վերջին տարին է։ Մենք դեռ բախվում ենք միջազգային ծանր իրավիճակի և շատ մարտահրավերների, բազմաթիվ խնդիրներ ու մարտահրավերներ ունենք նաև երկրի ներսում», - նշել է Կեցյանը։ «Ես և իմ գործընկերները զգալի ջանքեր ենք գործադրելու՝ մեր պարտականությունները առավելագույն մակարդակով անելու համար, նաև՝ վճռական քայլեր ենք ձեռնարկելու՝ մեր խոստումները կատարելու համար»։
Լի Կեցյանը Չինաստանի Պետական խորհրդի նախագահ է նշանակվել 2013թ․ մարտին՝ դառնալով նախագահ Սի Ցզինպինի օրոք իշխանության եկած, այսպես կոչված հինգերորդ սերնդի, ղեկավարներից մեկը։ 2018թ․ Լի Կեցյանը վերընտրվել էր Չինաստանի կառավարության ղեկավարի պաշտոնում՝ երկրորդ հնգամյա ժամկետով։