Շաբաթ, 25 Հունիսի 2022

USD403.18

EUR421.15

RUB6.97

Երևան 22 ℃

Рус

Ուկրաինական ճգնաժամը կարգավորելու լուծումները

Ռետրո

7 Մարտի, 19:30

Ուկրաինայի շուրջ հանրային քննարկումն ամբողջովին հակամարտության մասին է: Բայց մենք գիտե՞նք՝ ուր ենք գնում: Ես 4 պատերազմ եմ տեսել իմ կյանքում, որոնք սկսվել են մեծ խանդավառությամբ և հանրային աջակցությամբ, որոնք չգիտեինք՝ ինչպես ավարտել, և 3 էլ նահանջեցինք միակողմանիորեն: Քաղաքականության քննությունը կայանում է նրանում, թե ինչպես է այն ավարտվում, ոչ թե ինչպես է սկսվում: 

Հաճախ է ուկրաինական խնդիրը դիտարկվում որպես վեճ. արդյոք Ուկրաինան միանում է Արևելքի՞ն, թե՞ Արևմուտքին: Սակայն, եթե Ուկրաինան ցանկանում է գոյատևել և ծաղկել, այն չպետք է լինի կողմերից որևէ մեկի ֆորպոստը՝ մյուսի դեմ, այլ պետք է գործի որպես կամուրջ՝ երկուսի միջև: 

Ռուսաստանը պետք է ընդունի, որ, փորձելով ստիպողաբար Ուկրաինային մտցնել արբանյակի կարգավիճակի մեջ և, այդպիսով, կրկին առաջ տալով Ռուսաստանի սահմանները, դատապարտելու է Մոսկվային՝ կրկնելու իր՝ Եվրոպայի և Միացյալ Նահանգների հետ փոխադարձ ճնշումների՝ ինքնստինքյան տեղի ունեցող ցիկլերի պատմությունը: 

Արևմուտքը պետք է հասկանա, որ Ռուսաստանի համար Ուկրաինան երբեք չի կարող պարզապես օտար երկիր լինել։ Ռուսական պատմությունը սկսվեց այն վայրում, որը կոչվում էր Կիևյան Ռուսիա: Այնտեղից տարածվեց ռուսական կրոնը։ Ուկրաինան դարեր շարունակ եղել է Ռուսաստանի կազմում, իսկ մինչ այդ, նրանց պատմությունները միահյուսվել են: Ռուսաստանի ազատության համար ամենակարևոր մարտերից մի քանիսը, սկսած 1709թ. Պոլտավայի ճակատամարտից, մղվել են ուկրաինական հողի վրա: Սևծովյան նավատորմը՝ Միջերկրական ծովում հզորության ցուցադրման ռուսական միջոցը, հիմնված է երկարաժամկետ վարձակալությամբ՝ Սևաստոպոլում: Նույնիսկ այնպիսի հայտնի այլախոհներ, ինչպիսիք են Ալեքսանդր Սոլժենիցինը և Իոսիֆ Բրոդսկին, պնդում էին, որ Ուկրաինան Ռուսաստանի պատմության և, անշուշտ, Ռուսաստանի անբաժանելի մասն է:

Եվրամիությունը պետք է ընդունի, որ իր բյուրոկրատական դանդաղկոտությունը և Եվրոպայի հետ Ուկրաինայի հարաբերությունների շուրջ բանակցություններում ներքին քաղաքականությանը ռազմավարական տարրի ստորադասումը, նպաստեցին բանակցությունները ճգնաժամի բերելուն: Արտաքին քաղաքականությունը առաջնահերթություններ սահմանելու արվեստն է:

Ուկրաինացիները որոշիչ տարր են: Նրանք ապրում են բարդ պատմությամբ և բազմալեզու երկրում։ Արևմտյան հատվածը ՍՍՀՄ կազմի մեջ մտավ 1939թ․, երբ Ստալինը և Հիտլերը բաժանեցին ավարը: Ղրիմը, որի բնակչության 60%-ը ռուսներ են, դարձավ Ուկրաինայի մաս՝ միայն 1954թ․, երբ ծնունդով ուկրաինացի Նիկիտա Խրուշչովն այն շնորհեց կազակների հետ ռուսական պայմանագրի 300-ամյակի տոնակատարության շրջանակներում: Արևմուտքը հիմնականում կաթոլիկ է, արևելքը՝ հիմնականում ռուս ուղղափառ: Արևմուտքը խոսում է ուկրաիներեն, արևելքը՝ հիմնականում ռուսերեն: Ուկրաինայի որևէ թևի կողմից մյուսի վրա գերիշխելու ցանկացած փորձ, ի վերջո, կհանգեցնի քաղաքացիական պատերազմի կամ կազմալուծման: Ուկրաինային՝ որպես Արևելք-Արևմուտք հակամարտության մաս վերաբերելը, տասնամյակներով ի չիք կդարձնի Ռուսաստանը և Արևմուտքը (հատկապես Ռուսաստանը և Եվրոպան) համագործակցային միջազգային համակարգ բերելու ցանկացած հեռանկար:   

Ուկրաինան անկախ է ընդամենը 23 տարի. այն նախկինում որոշակի օտար տիրապետության տակ էր՝ սկսած 14-րդ դարից: Զարմանալի չէ, որ նրա ղեկավարները չեն սովորել փոխզիջումների արվեստը, առավել ևս՝ պատմական հեռանկարների: Ուկրաինայի հետ-անկախության շրջանի քաղաքականությունը հստակորեն ցույց է տալիս, որ խնդրի արմատները ընկած են իրենց կամքը երկրի անհնազանդ մասերի վրա թելադրելու՝ ուկրաինական գործիչների ջանքերում, նախ՝ մեկ խմբի, ապա՝ մյուսի կողմից:  Սա է հակամարտության էությունը Վիկտոր Յանուկովիչի և իր հիմնական հակառակորդ Յուլյա Տիմոշենկոյի միջև: Նրանք ներկայացնում են Ուկրաինայի երկու թևերը և չեն ցանկանում կիսել իշխանությունը: Միացյալ Նահանգների խելացի քաղաքականությունը Ուկրաինայի նկատմամբ կփնտրեր ուղի՝ երկրի երկու մասերի համագործակցությունը որոնելու համար: Մենք պետք է փնտրենք հաշտեցում, ոչ թե մի մասի գերիշխանություն: 

Ռուսաստանը, Արևմուտքը և Ուկրաինայի ոչ մի ուժ չեն գործել այս սկզբունքով: Յուրաքանչյուրը ավելի է վատթարացրել իրավիճակը: Ռուսաստանը չի կարողանա պարտադրել ռազմական լուծում՝ առանց ինքն իրեն մեկուսացնելու, երբ իր սահմանները արդեն անկայուն են: Արևմուտքի համար Վլադիմիր Պուտինի դիվականացումը քաղաքականություն չէ, այլ՝ քաղաքականության բացակայության ալիբի: 

Պուտինը պետք է գիտակցի, որ ինչ տվայտանքներ էլ ունենա, ռազմական պարտադրանքների քաղաքականությունը կհանգեցնի ևս մեկ սառը պատերազմի: Իր հերթին Միացյալ Նահանգները պետք է խուսափեն Ռուսաստանին վերաբերվել որպես մի խելագարի, որին համբերատար պետք է սովորեցնել Վաշինգտոնի վարքի կանոնները: Պուտինը լուրջ ռազմավար է ռուսական պատմության շրջանակերում: Միացյալ Նահանգների արժեքներն ու հոգեբանությունն ըմբռնելը նրա ուժեղ կողմերից չէ: Ո՛չ էլ ռուսական պատմության ու հոգեբանության ընկալումն է եղել ԱՄՆ քաղաքականությունը մշակողների ուժեղ կողմը:   

Բոլոր կողմերի առաջնորդները պետք է վերադառնան արդյունքների քննությանը, ոչ թե մրցեն դիրքավորման մեջ: Ահա բոլոր կողմերի արժեքներին և անվտանգային շահերին համապատասխանող արդյունքի վերաբերյալ իմ պատկերացումը. 

1. Ուկրաինան իրավունք ունի ազատորեն ընտրել իր տնտեսական և քաղաքական կապերը, այդ թվում՝ Եվրոպայի հետ: 

2. Ուկրաինան չպետք է անդամակցի ՆԱՏՕ-ին. մի դիրքորոշում, որը ես ընդունել եմ յոթ տարի առաջ, երբ այդ հարցն ի հայտ եկավ:

3. Ուկրաինան պետք է ազատ լինի՝ ստեղծելու ցանկացած կառավարություն, որը կհամապատասխանի իր ժողովրդի արտահայտած կամքին: Ուկրաինացի խելացի առաջնորդները հետագայում կարող են ընտրել իրենց երկրի տարբեր մասերի հաշտեցման քաղաքականությունը: Միազգային համատեքստում նրանք պետք է հետևեն այն դիրքորոշմանը, որը համեմատելի է Ֆինլանդիայի բռնած դիրքորոշման հետ: Այդ ազգը կասկած չի թողնում՝ իր հստակ արտահայտված անկախության առումով և համագործակցում է Արևմուտքի հետ հիմնական ոլորտներում, բայց նաև զգուշորեն խուսանավում է ինստիտուցիոնալ մակարդակում Ռուսաստանի նկատմամբ թշնամանքից: 

4. Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումը անհամատեղելի է գոյություն ունեցող աշխարհակարգի կանոնների հետ։ Բայց պետք է հնարավոր լինի Ղրիմի հարաբերություններն Ուկրաինայի հետ դնել պակաս ծանր հիմքերի վրա: Այդ նպատակով Ռուսաստանը պիտի ճանաչի Ուկրաինայի ինքնիշխանությունը Ղրիմի նկատմամբ: Ուկրաինան պետք է ամրապնդի Ղրիմի ինքնավարությունը՝ միջազգային դիտորդների ներկայությամբ անցկացվող ընտրություններում։ Գործընթացը կներառի Սևաստոպոլում Սևծովյան նավատորմի կարգավիճակի վերաբերյալ ցանկացած անորոշության վերացումը:

Սրանք սկզբունքներ են, ոչ թե դեղատոմսեր։ Տարածաշրջանին ծանոթ մարդիկ կիմանան, որ սրանցից բոլորը չեն, որ հաճելի են կողմերի համար: Քննությունը կատարյալ բավարարվածության մեջ չէ, այլ հավասարակշռված անբավարարվածության: Եթե որևէ լուծում՝ հիմնված այս կամ համանման տարրերի վրա, չգտնվի, ապա հակամարտության խորացումը կարագանա: Դրա ժամանակը կգա շատ շուտով:

Հենրի Ա. Քիսինջերը ԱՄՆ պետքարտուղարն էր 1973-1977թթ.: 

© Washington Post, 2014