Ամերիկյան հեղինակավոր CNN հեռուստաընկերությունը և Bloomberg գործակալությունը դադարեցնում են իրենց գործունեությունը Ռուսաստանի Դաշնության տարածքում:
CNN հեռուստաընկերության խոսնակի փոխանցմամբ. «CNN-ը կդադարեցնի հեռարձակումը Ռուսաստանում, միևնույն ժամանակ մենք կշարունակենք գնահատել իրավիճակն ու կհստակեցնենք մեր հետագա անելիքները»:
CNN-ի այս քայլը հաջորդել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից մարտի 4-ին օրենքի ընդունմանը, որը քրեական պատասխանատվություն է ենթադրում ՌԴ զինված ուժերի վերաբերյալ կեղծ տեղեկությունների տարածման համար:
Bloomberg-ից ևս հայտնել են, որ որոշման պատճառը «քրեական օրենսգրքում արված փոփոխությունն է, որը, հավանաբար, միտված է ցանկացած անկախ լրագրողի վերածել հանցագործի»: Լրատվական գործակալությունից նշել են, որ նման փոփոխությունները երկրում նորմալ լրագրությունն անհնարին են դարձնում:
Գործակալության գլխավոր խմբագիր Ջոն Միքլթուեյթի խոսով. «Մեծ ցավով որոշում ենք ընդունել ժամանակավորապես դադարեցնել Ռուսաստանում լրահավաք գործունեությունը»:
Օրենքի ընդունումից հետո Ռուսաստանում գործունեությունը ժամանակավորապես դադարեցրել են նաև բրիտանական BBC-ն և կանադական CBC-ն: