Միջազգային

Իրանում հայտարարել են, որ մոտ են միջուկային համաձայնագրի վերականգնմանը

«Շաբաթներ տևած ինտենսիվ բանակցություններից հետո մենք այսօր առավել, քան երբևէ, մոտ ենք ԳՀՀԾ-ի շուրջ համաձայնագրին», - Twitter-ի իր էջում գրել է Իրանի փոխարտգործնախարար, Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի վերսկսման շուրջ իրանցի բանակցող Ալի Բաղերի Կանին։ «Բանակցություններում մեր գործընկերները պետք է իրատես լինեն, խուսափեն անզիջում կեցվածքից և դասեր քաղեն վերջին չորս տարիներից։ Ժամանակն է, որ նրանք լուրջ որոշումներ կայացնեն»,- հայտարարել է դիվանագետը։

Իր հերթին, ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը հայտարարել է, որ ԱՄՆ-ը գտնվում է Իրանի հետ անուղղակի բանակցությունների վերջին փուլում, որի նպատակն է 2015 թ․ համաձայնագիրը փրկելը։ «Սա իսկապես վճռորոշ ժամանակաշրջան է, որի ընթացքում մենք կկարողանանք պարզել՝ արդյո՞ք կողմերը երկուստեք կվերադառնան ԳՀՀԾ-ի պահպանմանը, թե՞՝ ոչ»,- ասել է Փրայսը: