«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Ամերիկյան ռեգիոնալ քաղաքականությունը Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում, որը վերակենդանացել է Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք, հիմնված է ռազմավարական տնտեսական շահերի վրա: Այն ոչ միայն ուղղված է տարածաշրջանային խաղաղությանը, այլև Կենտրոնական Ասիայի հսկայական ռեսուրսները (հանքային հումք, ածխաջրածիններ) դեպի Եվրոպա և գլոբալ շուկաներ արտահանելուն՝ շրջանցելով Ռուսաստանը և Չինաստանը: Այս համատեքստում «Թրամփի ճանապարհը միջազգային խաղաղության և բարգավաճման համար» (TRIPP) նախագիծը կենտրոնական դեր է խաղում:
TRIPP-ը, որը նախատեսում է տրանսպորտային ուղի Հայաստանի տարածքով մաս է կազմում ավելի լայն Միջին միջանցքի (Middle Corridor), որը Կենտրոնական Ասիան կապում է Եվրոպայի հետ: ԱՄՆ-ը ստացել բացառիկ իրավունքներ այս ենթակառուցվածքի զարգացման համար՝ ներառյալ երկաթուղիներ, նավթամուղեր, գազատարներ և օպտիկամանրաթելային կապեր:
Դեռևս 2023-ին ԱՄՆ նախկին ազգային անվտանգության խորհրդական Ռոբերտ Օ'Բրայենը Սենատում նշել է . «Կենտրոնական Ասիայի երկրները անհավանական հարուստ են, բայց նրանց միակ ելքը համաշխարհային շուկաներ դեպի Ռուսաստանի կամ Չինաստանի միջոցով է: Հայաստանով և Ադրբեջանով անցնող միջանցքը կնվազեցնի այդ կախվածությունը»: Այս հայտարարությունը կապվում է Թրամփի այսօրվա քաղաքականության հետ, որի առաջ մղողը անձամբ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն է։
Հաջորդ ամիս ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի սպասվող այցը Երևան ընդգծում է Վաշինգտոնի հատուկ ուշադրությունը Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանների նկատմամբ: Այցը կարևոր է նաև այն պատճառով, որ Վենսը դիտարկվում է Հանրապետական կուսակցության նախագահի ամենահավանական թեկնածուներից մեկը։
TRIPP-ը, որքան էլ կարևոր է Հայաստանի համար (տնտեսական աճ, տարանցիկ եկամուտներ), առանձնահատուկ նշանակություն ունի ԱՄՆ-ի համար՝ որպես աշխարհաքաղական գործիք Ռուսաստանի և Չինաստանի ազդեցությունը սահմանափակելու համար: Սա զգալիորեն բարձրացնում է նախագծի արժեքը և Հայաստանի ռազմավարական կարևորությունը: Միջին միջանցքով անցնող բոլոր երկրներից Հայաստանը միակ ժողովրդավարությունն է և քրիստոնյա պետությունը, ինչը ամրապնդում է նրա դերը որպես Արևմուտքի հուսալի գործընկեր: Այսպիսով, Հայաստանը դառնում է կամուրջ տարածաշրջանային ինտեգրման և գլոբալ կայունության համար:
TRIPP-ը Հայաստանը վերածում է Միջին միջանցքի վստահելի առանցքի՝ բարձրացնելով նրա ռազմավարական կշիռը, բանակցային դիրքը և այդ ամենով անվտանգային և տնտեսական հեռանկարները»։