Տեսակետ

Մանիպուլյատիվ համեմատականների սիրահար չենք. Թունյան

Մանիպուլյատիվ համեմատականների սիրահար չենք. Թունյան

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը սոցցանցի իր էջում գրել է.

«Այդ փաստերը կհետաքրքրեն հատկապես այն մարդկանց, որոնք հայտարարում էին, թե ՀԷՑ-ը Կարապետյաններին պետք չէր, նրանք մեծահոգաբար են այն ձեռք բերել և աշխատեցրել՝ ի վնաս իրենց: Կհետաքրքրեն նաև 1 դրամով աշխատելու հայտարարությամբ հիացողներին:

Եվ այսպես.

Ըստ Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության կայքում հրապարակված հաշվետվությունների տվյալների, 10 տարվա ընթացքում՝ 2015-2024թթ., Հայաստանի էլեկտրական ցանցերի ընդհանուր գումարային զուտ շահույթը կազմել է ավելի քան 145 միլիարդ դրամ (հարկումից հետո):

10 տարիներից 9-ը ընկերությունը փակել է շահույթով: Միայն 2020 թվականին է արձանագրվել 4.5 միլիարդ դրամի վնաս:

Շահույթի առումով ռեկորդային է եղել 2022 թվականը. ընկերության շահույթը հարկումից հետո կազմել է 33.5 միլիարդ դրամ:

Միայն 2024 թվականին ընկերության սեփականատերերին բաշխվել է շահաբաժին՝ 11.8 միլիարդ դրամի չափով:

Ըստ որոշ տեղեկությունների, տարիների ընթացքում ընկերությունը ապրանքներ ու ծառայություններ է ձեռք բերել շուկայականից բարձր գներով, մի զգալի մասը՝ իր հետ փոխկապակցված ընկերություններից:

Այսպիսով, ընկերությունը մի կողմից ուռճացրել է սեփական ծախսերը (այն մտցնելով սակագնի մեջ), փոքրացրել իրական շահույթը, մյուս կողմից՝ զգալի շահույթներ է ապահովել նույն սեփականատերերին պատկանող ընկերությունների համար:

Ընկերության թոփ-մենեջմենթը միլիարդավոր դրամների աշխատավարձեր է ստացել այս տարիներին: Միայն փոխտնօրեններից մեկը 9 տարվա ընթացքում ստացել է մոտ 600 մլն դրամ (1.5 մլն դոլար), ինչը ակնհայտորեն ավելին է, քան 1 դրամը:

Այս ամենով հանդերձ՝

Ընկերության պարտավորությունները գրեթե կրկնապատկվել են՝ 115 մլրդ դրամից հասնելով 200 մլրդ դրամի (ավելի քան կես միլիարդ դոլար):

Պարտավորությունների աճի առյուծի բաժինը թողարկված պարտատոմսերն են և վերցված վարկերն ու փոխառությունները:

Ընկերությունը հաջողացրել է 10 տարվա գործունեության արդյունքում ունենալ խոցելի, ֆիզիկապես ու բարոյապես մաշված էլեկրամատակարարման համակարգ՝

էներգամատակարարման հաճախակի խափանումներով, գորդյան հանգույց հիշեցնող վտանգավոր լարանցումներով, հետպատերազմական ավերակներ հիշեցնող մասնաճյուղային ենթակառուցվածքներով և թեժ գծով, որի հետ կապ հաստատողների մեդալի են արժանի:

Հ.Գ. - Եթե իրենց պես մանիպուլյատիվ համեմատականներ անելու սիրահար լինեինք, կարող էինք ասել, որ եթե բարերար սեփականատերերը բավարարվեին անհրաժեշտ ծախսերը հոգալով ու ամբողջ շահույթը փոխանցեին պետական բյուջե, ապա դեռ 10 տարի առաջ հնարավոր կլիներ թոշակները բարձրացնել 10%-ով կամ կառուցել ու հիմնանորոգել հարյուրավոր դպրոցներ: Իսկ եթե սակագինը ավելի ցածր սահմանեին՝ շահույթի հաշվին, ապա բնակչությունն ու տնտեսությունը հոսանքի վրա կխնայեին 145 մլրդ դրամ և այն կուղղեին այլ կարիքները հոգալուն:

Բայց, բարեբախտաբար, մանիպուլյատիվ համեմատականների սիրահար չենք ու առաջնորդվում ենք ողջամտության կանխավարկածով»:

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական