ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանի գրառումը․
Լավ նորություն՝ գյուղատնտեսությամբ զբաղվողների համար։
Ինչպես գիտեք, կառավարությունը տևական ժամանակ աջակցում է գյուղատնտեսությամբ զբաղվողներին՝ տարբեր ծրագրերի միջոցով:
Սակայն կար մի խնդիր, որի մասին նշում էին աջակցություն ստացող տնտեսվարողները: Սուբսիդիաները, որոնք տրամադրվում են ծախսերի փոխհատուցման համար, դիտարկվում են որպես եկամուտ՝ դրանց ստացման պահին, ստեղծելով անհամաչափ հարկային բեռ։
Խնդիրը լուծելու համար ֆինանսների նախարությունը մշակել և ԱԺ-ի դատին է ներկայացրել ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին նախագիծ։
Նախաձեռնությամբ սահմանվում է արտոնյալ կարգավորում այն շահութահարկ վճարողների համար, որոնք պետական ծրագրերով աջակցություն են ստանում։ Այսուհետ սուբսիդիաները, որոնք տրամադրվում են ծախսերի փոխհատուցման համար, այլևս չեն դիտարկվի որպես եկամուտ ստացման պահին՝ ազատելով բիզնեսին անհարկի հարկային բեռից։
Ավելին, նոր դրույթները հետադարձ ուժով կկիրառվեն 2024 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների նկատմամբ։
Նախագիծը առաջին ընթերցմամբ քննարկվել և դրական եզրակացություն է ստացել ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունվարի 14-ին գումարված նիստին և ներառված է վաղը գումարվելիք լիագումար նիստի օրակարգում: