ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը սոցցանցի իր էջում գրել է.
«Ընդդիմադիր դաշտին սպասարկող և այդ դաշտից սնվող մեդիահարթակներն ու «բլոգերները» խոսքի ազատության տարածքը վերածել են հրապարակային նվաստացման արտադրամասի։ Նկատում եմ, որ վերոնշյալների կողմից ստեղծված «բովանդակությունը» սնվում է ոչ թե մտքից, փաստից կամ գաղափարից, այլ մարդու քթից, քաշից, սանրվածքի ձևից, հագուկապից։ Ավելի կարճ ասած՝ վերջիններս ոչ թե լուսաբանում կամ վերլուծում են կատարվածը, այլ, անցնելով բարոյական և էթիկական սահմանները, վարպետորեն պիտակ են փակցնում։ Սա լրագրություն չէ, սա խոսքի ազատություն չէ, սա համակարգված բուլինգ (հոգեբանական բռնություն) է՝ փաթեթավորված ստի, «հումորի», «սեփական կարծիքի», ցինիզմի հասնող անդրադարձի անվան տակ։
Բնականաբար, որպես կանոն, թիրախավորվում են կառավարող քաղաքական ուժը և այդ ուժին համակրող հայաստանցին։ Նպատակն ակնհայտ է․ այնքան նվաստացնել քաղաքական կոնկրետ դիրքորոշում ունեցողներին, այնքան մտնել նրանց քթի մեջ, այնքան «սևացնել» էժան ու վիրավորական ձևերով, մինչ այդ դիրքորոշում ունեցողն ի վերջո հանրային խոսք ասելիս անհարմար զգա։ «Լռեցնելու» այս տեսակ մեթոդն իհարկե կարող է աշխատել, բայց պետք է նկատել, որ նույն «հայտնի շրջանակները» մշտապես հենց այս մոտեցումն են կիրառել՝ ուրիշներին նվաստացնելու միջոցով քողարկելով սեփական ստորությունն ու անգործությունը։
Խորապես համոզված եմ, որ հայաստանցին այս հնացած մեխանիզմը ճանաչում է։ Հայաստանցին գիտի նաև, որ մարդու արտաքինը դարձնել քննարկման թեմա նշանակում է մի կողմից չունենալ բարոյական արժեքներ և մտավոր ռեսուրս, մյուս կողմից՝ ընտրել հեշտ ճանապարհը՝ լսարանի ուշադրությունը գրավելու համար։ Հայաստանցին հասկանում է, որ այս երևույթը վտանգավոր է թիրախավորված մարդու համար, և այն նաև թունավորում է հանրային դիսկուրսը, նորմալացնում է ատելությունը, սովորեցնում է, որ նվաստացնելն ընդունելի է, եթե լայքերի քանակը մեծ է։
Այն մեդիան, որը դառնում է բուլինգի հարթակ, դադարում է ծառայել հանրությանը։ Բլոգերը դառնում է խուլիգան ստահակ, երբ սկսում է բոդի շեյմինգ խրախուսել։ Վստահ եմ՝ հայաստանցիները սա ևս շատ լավ գիտակցում են և չեն կարող մարդու արժանապատվությունը վտանգել դիտումների ու լայքերի թվի հաշվին։
Ինչ-որ առումով գուցե նաև պիտի շնորհակալ լինել սպասարկու բլոգերներին և մեդիահարթակներին իրենց ակնհայտ գործելաոճի համար, որովհետև էլ կարիք չկա մեր ժողովրդին հիշեցնելու, թե հիստերիա և ատելություն գեներացնող այս փոքր խումբն իրականում իրենից ինչ է ներկայացնում և ում բերանով է խոսում»։