Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․
«Ո՞վ է Թուրքիայից «հավաստի տեղեկություն» հայտնել, որ ամենայն հայոց կաթողիկոս է «նշանակվելու» Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանը․ 2008թ. Էրդողանի կողմից որպես «խորքային կառավարության անդամ» ցմահ ազատազրկման դատապարտված, ապա 2014-ին ներման արժանացած, «Վաթան» ծայրահեղ ազգայնական կուսակցության նախագահ Դողու Փերենչիկը: Նրան է պատկանում Հայ առաքելական եկեղեցու եւ Փաշինյանի հակասությունների մասին հոդված հրապարակած Aydinlik թերթը: Փերենչիկը և թուրք քաղաքագետ, քաղաքական գործիչ, ՌԴ ՄԳԻՄՕ-ի պատվավոր պրոֆեսոր Սինան Օղանը, որ իգդիրցի էթնիկ ադրբեջանցի է, ողջունել են Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը: Փերենչիկը հայտարարել է, որ «ռուսական զենքի պատերազմը միշտ արդարացի է, քանի որ ամենուր բերում է ազատություն և հաստատում կայունություն»:
Հայաստանյան ո՞ր լրատվամիջոցներն են արտատպել Aydinlik-ի հոդվածը, հայտնի է: Ուրեմն նրանք էլ են Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը ողջունում: Այն պատերազմը, որի պատճառով օկուպացվել և էթնիկ զտման է ենթարկվել Արցախը: Ահա թե որն է Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմը»: