«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«2026թ. հունվար-փետրվարին Հայաստան կայցելի ԱՄՆ մեծ պատվիրակություն՝ բարձրաստիճան պաշտոնյայի առաջնորդությամբ, ըստ ամենայնի ներկա գտնվելու TRIPP-ի հիմնարկեքին։ Այս պահին ԱՄՆ հատուկ ծառայությունները Երևանում աշխատում են այդ պաշտոնյայի այցի անվտանգության ապահովման և տեխնիկական հարցերի վրա։ Սա նշանակում է, որ Վաշինգտոնը ոչ միայն հայտարարում է, այլ արագ անցնում է օգոստոսի 8-ի պայմանավորվածությունների գործարկմանը։ Այս նույն տեմպը չափելի արդյունքներով պետք է լինի նաև հայկական կողմից։
Այսպիսի մասշտաբային այցերը նշանավոր են դարձնում ոչ թե պրոտոկոլային միջոցառումներն ու լուսանկարները, այլ այն կոնկրետ առաջարկները, կարճաժամկետ ու միջնաժամկետ ռազմավարական փաթեթը, որով Հայաստանը պետք է հանդես գա հենց այդ այցի առաջին օրը․ ներդրումային հստակ նախագծեր՝ TRIPP-ի ենթակառուցվածքների և սպասարկող տնտեսության զարգացման համար, սահմանային և մաքսային կարողությունների արագ արդիականացում՝ հակամաքսանենգ համակարգեր, թվայնացում, կիբեռպաշտպանություն, իրավական երաշխիքներ՝ թափանցիկ պայմանագրեր, անկախ վերահսկողություն, ռիսկերի կանխարգելում, և ամենակարևորը՝ գործնական մոդել, որտեղ Հայաստանը շահում է անվտանգությամբ, աշխատատեղերով ու ինքնիշխանությամբ։
Ամերիկյան ներգրավվածությունը հնարավորություն է՝ Հայաստանը դարձնելու կապի, վստահության և անվտանգության հանգույց։ Բայց այդ հնարավորությունը չի «ստացվում»․ այն պատրաստում են՝ կարգապահությամբ, պրոֆեսիոնալիզմով և պետության շահը պաշտպանող կոնկրետությամբ»։