Անցած տարի իմ գլխավորած պատվիրակությունով, որի կազմում էին Վահագն Ալեքսանյանը, Շիրակ Թորոսյանն ու ընդդիմությունից Արծվիկ Մինասյանը, այցելեցինք Վրաստան, որպեսզի Ախալցխայում մասնակցեինք Հայաստան-Վրաստան բարեկամական խմբերի հերթական հանդիպմանը:
Հայաստանում քաղաքականապես լարված շրջան էր, և ես շատ շնորհակալ եմ Արծվիկ Մինասյանին, որ նա այդ ժամանակ մեզ հետ եկավ Վրաստան, որովհետև գիտակցում էր, որ, անկախ ամեն ինչից, մենք միասին պետություն ենք ներկայացնում:
Քանի որ վրացական կողմը նախատեսել էր, որ այցի շրջանակներում պիտի հյուրընկալվեինք նաև տարածաշրջանի Վրաց Ուղղափառ Եկեղեցու արքեպիսկոպոսի մոտ (որը մեզ շատ լավ ընդունելության արժանացրեց), վրացական կողմին առաջարկեցի մինչ այդ միասին այցելել Ախալքալաքի Սուրբ Խաչ հայկական եկեղեցի:
Այդպես էլ արեցինք և հայտնվեցինք մի ամոթալի իրավիճակում, քանի որ վիրահայոց թեմի առաջնորդը ոչ միայն չէր եկել մեզ դիմավորելու, այլ նաև մյուս հոգևորականներին էր հրահանգել այնտեղ չլինել:
Եկեղեցին դատարկ թողել, գնացել էին: Այսինքն որոշել էին քաղաքական ակցիա անել մեր դեմ:
Այդպես շվարած վրացի գործընկերների հետ մտանք դատարկ եկեղեցի, մոմ վառեցինք և դուրս եկանք:
Այսօր կարդացի, որ Կտրիճ Ներսիսյանը այդ նույն վիրահայոց թեմի առաջնորդին ապօրինաբար նշանակել է Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամ:
Ահա այսպիսին է Կտրիճ Ներսիսյանի պատկերացումը ազգային համերաշխության վերաբերյալ:
Նա որոշել է չլինել ամենայն հայոց կաթողիկոս: Նա ուզում է լինել միայն որոշ հայերի կաթողիկոս և, հետևաբար, պիտի ազատի ամենայն հայոց կաթողիկոսի գահը: