ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Ուրեմն, Ադրբեջանից ընդամենը 1.5 մլն դոլարի բենզին է ներկրվել Հայաստան, ոմանք մի վայնասուն են դրել, թե բա՝ էս ի՜նչ եք անում, թշնամի երկրի բյուջեն եք լցնում, թշնամու բանակն եք ուժեղացնում և այլն:
Հետաքրքիր է՝ էս մարդիկ լուսնի՞ց են իջել ու չգիտե՞ն, որ, իրենց բնորոշմամբ, ոչ պակաս թշնամի երկրից՝ Թուրքիայից, շուրջ 30 տարի ներմուծումներ ենք ունեցել՝ հարյուրապատիկ ավելի մեծ ծավալներով:
Վերջին 20 տարում՝ 2006թ.-ից մինչև ս․թ․ հոկտեմբեր, ընդհանուր առմամբ, ավելի քան 4.3 մլրդ դոլարի թուրքական ապրանք է ներմուծվել Հայաստան. հագուստ, հագուստի պարագաներ, սարքավորումներ, պահեստամասեր, շինանյութ...
Ու շատ հետաքրքիր է՝ թուրքի դրոշ վառող դաշնակցականները, որ կառավարության մաս էին, «վոյին» նախագահը, ռազմահայրենասեր թուրքատյաց նախկին ու նախկինի նախկին պաշտոնյաներն ու գործիչները, նրանց մերձավոր շրջապատը չէ՞ին իմանում սրա մասին, թե՞ Թուրքիան բարեկամ երկիր էին համարում:
Թե բա՝ ադրբեջանական բենզինը չենք գնելու, մինչև էդ էլ՝ Ադրբեջանի տարածքով եկած ցորենից պատրաստված հացը չենք ուտելու... Լավ եք անելու, ձեր իրավունքն է՝ ինչ գնել, ինչ չգնել: Բայց սրտաճմլիկ ելույթներ ունենալուց առաջ ճիշտ կլինի ձեր ու ձեր հարազատների հագուստը փորձաքննության տաք. մարդ եք, պարզվի՝ թուրքական է կամ թուրքական կտորից կարված, հանկարծ «կարճ միացում» չտա ձեր թեզերի հետ:
Իսկ Հայաստանը շարունակելու է հարևան երկրների հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը, այդ թվում՝ զարգացնելով տնտեսական կապերը»: