«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Էրդողանը նախօրեին հայտարարել է, որ Հայաստանը և Ադրբեջանը մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը, և Թուրքիան 2026-ի սկզբից պատրաստվում է «սիմվոլիկ քայլերով» առաջ տանել Հայաստան-Թուրքիա կարգավորման օրակարգը։ Իմ ունեցած տեղեկություններով Հայաստանը և Թուրքիան առաջիկայում դիվանագիտական հարաբերություններ են հաստատելու և ըստ ամենայնի սահմանը կբացվի երրորդ երկրների քաղաքացիների համար։
Սա իրականում չափազանց մեծ առաջընթաց է ոչ միայն երկու երկրների, այլ ամբողջ տարածաշրջանի համար։ Թուրքիայի վերաբերյալ մեր անելիքը դրոշ վառելը չէ։ Դա անում են այն պետությունները, որոնք պետականություն չունեն։ Եթե մենք ուրիշի դրոշն ենք վառում, պիտի պատրաստ լինենք, որ ուրիշներն էլ մեր դրոշն են վառելու։ Ու հարցն այն է՝ նրանք դրոշից բացի կարո՞ղ է ուրիշ բան էլ «վառեն», իսկ մենք մնանք սոսկ դրոշ վառող։
Մենք կարող ենք ամբողջ ազգով հավաքվել հայ-թուրքական սահմանին ու գոռալ, որ թուրքը մեր թշնամին է: Ի՞նչ կփոխվի դրանից: Մեր ուժը դրանից չի ավելանա, իսկ Թուրքիայինը չի պակասի: Իրականում դրանից չի փոխվի ոչինչ, և հենց դա է այն ծուղակը է որը ձևակերպվում է այսպես Թուրքիա կամ Ռուսաստան՝ «թշնամի» կամ «փրկիչ» ծայրահեղություններով։ Այսպես, դարերով մեզ պահել են այս երկու ծայրահեղությունների միջև, որ Հայաստանը ռեգիոնում ոչինչ չորոշի, ոչինչ չփոխի։ Չփոխել ոչինչ նշանակում է պահպանել ռեգիոնում ռուս-թուրքական ձևաչափի գերակայությունը, որը ամրապնդվեց ՌԴ պաշտպանության նախարար Շոյգուի բնորոշմամբ «Ղարաբաղում ռուս-թուրքական փայլուն օպերացիայով»:
Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների ցանկացած արմատական մերժում ծառայում է միայն Ռուսաստանի՝ տարածաշրջանում ամուր դիրքավորվելու շահերին, ինչը հենց Թուրքիայի նպատակն է, որովհետև Թուրքիան գիտի իր առավելությունը Ռուսաստանի նկատմամբ և գիտի որ ռուսների փոխարեն ով էլ գա տարածաշրջան ԱՄՆ-ը, Ֆրանսիա, Հնդկաստան, արաբական աշխարհ, նա չունի այն նույն առավելությունը որ ունի Ռուսաստանի նկատմամբ։ Թուրքիան այս երկրներից և ոչ մեկի հետ չի կարող պայմանավորվել այնպես ինչպես պայմանավորվեց Հայաստանի «դաշնակից» Ռուսաստանի հետ ու դա արեց Հայաստանի կյանքերի և տարածքների հաշվին։
Պետությունը կառուցվում է ոչ թե զգացմունքով, այլ սառը հաշվարկով, երբեմն շատ ծանր որոշումների գնով։ Խոսել, հարաբերություն հաստատել Թուրքիայի հետ չի նշանակում եղբայրություն անել։ Նշանակում է պատասխանատվություն վերցնել, կառավարել իրավիճակը, պաշտպանել Հայաստանի շահը և վերջապես անել ամենակարևորը՝ ստեղծել տարածաշրջանում Հայաստանից կախված իրողություններ»։