Տեսակետ

Պետք էր համաձայնվել կարգավորման առաջարկներին

Պետք էր համաձայնվել կարգավորման առաջարկներին

Իրանագետ, արևելագետ Աննա Դավթյան-Գևորգյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Կարգավորման ցանկացած պլան, իհարկե, ավելի լավ կլիներ, քան այն, ինչ ունեցանք արդյունքում` անգամ, եթե հայկական Արցախ ասելով նկատի ունենք հայաբնակ Արցախ։ Որովհետև ես այն համոզմանն եմ, որ եթե ամեն բան հուշում էր, որ դրանից ավելին չենք կարողանալու ունենալ, առաջնային նպատակը պիտի լիներ պատերազմից խուսափելու փորձերը (անկախ նրանից` կհաջողվեին այդ փորձերը, թե չէ)։
Հետևաբար, ես շարունակում եմ կարծել, որ 19-ին էլ, դրանից առաջ էլ, պետք էր համաձայնվել կարգավորման առաջարկներին։

«Բայց» չեմ գրելու, «և» եմ գրելու... Եվ... Նիկոլ Փաշինյանին մեղադրելով էդ քայլը չանելու մեջ երևի արդեն 157-րդ անգամ փորձում եմ պատկերացնել, թե ինչ արձագանքներ էին լինելու։ (Պատկերացնենք, որ Ադրբեջանն էլ էր համաձայնվել, ոչ մի երրորդ ուժ էլ չէր միջամտել` կանխելու)։ Ադրբեջանագետներն այդ օրերին «մեյդան էին» բերելու Ալիևի ասածները հայերի, Արևմտյան Ադրբեջանի մասին ու հռետորական հարցադրում էին անելու` սրա՞նց հետ եք կարգավորման գնում, սրանց հետ ե՞ք երկրորդ փուլում Արցախի կարգավիճակ քննարկելու։

Իրավաբան/քաղաքական գործիչներն ասելու էին` միջազգային իրավունքի վրա թքած ունենալով` չեք կարող հինգ շրջանը հանձնել` առանց հստակ երաշխիքների, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում։
Սրբազան հայրերը պահանջելու էին եկեղեցու զանգերը հնչեցնել` Արցախի մոտալուտ անկումը գուժելու, եթե թույլ տան, որ ազգադավ թուղթը ստորագրվի։ Սերժ Սարգսյանը դատական հերթական նիստից հետո լրագրողներին ասելու էր` Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում, իսկ մարդն էկել ա, որ կապիտուլյանտ դառնա։ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հայտարարություն էր տարածելու, որ Հայաստանն իրավունք չունի` Արցախի հարցով որոշումներ կայացնելու. այ իրանք Օսկանյանին կխնդրեն` հերթական մի ռաունդով էլ Արցախին կհանեն բանակցություններից, հետո նոր փայլուն լուծում կգա։

Պառլամենտի էդ պահի ընդդիմադիր կուսակցություններից կասեին` համապատասխան հակապետական քայլերի դեմ ցույց ենք կազմակերպում ու «էս սպառնըմ ե՞ք Արցախը տա՞ք», ես քսան տարի առաջ դատի եմ տվել Ադրբեջանին, ճիշտ ա, մինչև հիմա թքած ունի Ադրբեջանն էդ դատի որոշման վրա, բայց կարանք էլի դատի տանք ու հա սպասենք։ Ժիրայր Լիպարիտյանը հոդված կգրեր` «Վերջապես մի մեծ քայլ դեպի առաջ» վերնագրով, ու նրան հերթական անգամ անարգանքի սյունին կգամեին ու կմեղադրեին թշնամու խոսույթով իշխանությանը մոլորեցնելու մեջ։

Լևոն Տեր-Պետրոսյանը հանրայնորեն կողջուներ իշխանության որոշումը ու հերթական վեց հարյուր հիսունութերորդ անգամ կլսեր, ինչպես են ասում` դու սուս, այ պարտվողական դավաճան, սաղ քո ազդեցությունն ա մեղավոր։ Վերլուծաբանները փաստերով ցույց կտային, որ փաստաթուղթն Արցախի կործանման ճանապարհային քարտեզ է։ Նախկին բարձրաստիճան զինվորականները եթեր կմտնեին` ասելու «ոնց կարելի է տարածաշրջանի ամենամարտունակ բանակով վախենալ պատերազմից ու սենց կզել Ալիևի առաջ»։

Դե, իսկ եթե կարճ` կլիներ էս նույն խառնաղմուկը. Նույն մարդիկ, որ մեղադրում են 19-ին պլան մերժելու համար, մեղադրելու էին` նույն ուժգնությամբ ու նույն փաստարկներով այդ պլանն ընդունելու համար։ Ավելին ասեմ` ոմանք ամեն բան արել են, որ 19֊ին մերժվի էդ պլանն ու էսօր ամենից բարձր են աղմկում դրա աղետալիության մասին։ Դրանից Փաշինյանի քայլը պակաս դատապարտելի է՞, իհարկե` ոչ, բայց մնացածի երեսպաշտությունն էլ մի առանձին ֆանտաստիկայի ժանրի կինո է։ Ու զրո անդրադարձ սեփական մեղքերին»։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական