ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Մերի Գալստյանը սոցցանցի իր էջում գրել է.
«Սիրելի ընկերներ, մի քանի պարզաբանում եմ ուզում անել Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին և հարակից օրենքների նախագծերի շուրջ ծավալվող քննարկումների համատեքստում՝
Ուզում եմ ՀՍՏԱԿ ամրագրենք հետևյալը՝
Նախագծերով ՉԻ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ՝
Կենդանիների քնեցում՝ որպես քանակի կարգավորման տարբերակ,
Կենդանիների սպանդ՝ թաքնված ինչ-որ կարգավորումների տեսքով։
Ես հասկանում եմ և գիտեմ ապատեղեկատվությունը նախաձեռնող կողմերի շարժառիթները, ինչպես նաև մեզ բնորոշ իներցիոն անվստահությունն ու կասկածամտությունը հանրային ռեֆորմների նկատամբ, բայց ուզում եմ կենտրոնանք այն փաստի վրա, որ Հայաստանը՝ որպես քաղաքակիրթ երկիր, այսուհետ ունենալու է մի շարք զարգացած երկրների օրենսդրությանը և փորձին համահունչ կենդանիների բարեկեցության մասին օրենսդրություն (Animal Welfare Act)։ Այս կարևոր ձեռքերումը անշուշտ նաև մի շարք կենդանապաշտպան հասարակական կազմակերպություններին է, քանի որ հենց իրենք են առաջինը ահազանգել կենդանիների նկատմամբ դաժանությունների մասին դեռևս 2019թ-ին, որոնց հետքերով գնալով՝ սկսել ենք աշխատել այդ ոլորտում օրենսդրություն ունենալու ուղղությամբ։
Բոլոր քննարկումներում Ազգային ժողովում մշտապես շեշտվել է սպանդի և համատարած քնեցման տարբերակի ԲԱՑԱՌՈՒՄԸ՝ որպես թափառող կենդանիների քանակի կարգավորման տարբերակ։ Ի վերջո կենդանիների իրավունքերի երաշխավորման օրենսդրություն չէինք մշակի, եթե դիմեինք այդ հեշտ, բայց ոչ քաղաքակիրթ մեթոդին։ Ինչու՞ տարիներով բանակցել գործադիր մարմնի հետ կացարանների կառուցման, ստերջացման ծրագրերի համար ռեսուրս հատկացնելու, կառավարությանը կից բազմաշահառու հասարակական խորհուրդ ձևավորելու և այլ գաղափարները օրենսդրորեն ամրագրելու շուրջ, եթե կարելի էր պարզապես ՏԻՄ մասին օրենքում ավելացնել՝ քնեցումն ու սպանդը որպես թույլատրելի մեթոդ համայնքում, կամ գործող թույլատրելի քնեցման հիմքերում պարզապես ավելացնեինք քանակի կարգավորումը։
Համատարած աղմուկի ալիքի մեջ, պարզպապես կուրորեն հետևելով ոլորտի «հնաբնակներին», ովքեր իրենց հեղինակությունը օգտագործելով բացահայտ ապատեղեկատվություն են տարածում, առաջարկում եմ պարզունակ fact-check՝ ԿԱՐԴԱՑԵՔ ՕՐԵՆՔԸ (http://parliament.am/committees.php?do=show&ID=111221...)։
Հոդված 9. Կենդանիների նկատմամբ արգելված գործողությունները
1. ԱՐԳԵԼՎՈՒՄ է կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը, այն է՝
1) ՑԱՆԿԱՑԱԾ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ, որը հանգեցնում է կենդանու մահվան, բացառությամբ կենդանու կողմից մարդու կյանքին սպառնացող վտանգի պարագայում ինքնապաշտպանության դեպքերի.
Հոդված 17. Կյանքն ընդհատելու նպատակով կենդանիների քնեցումը
1. 1. Կենդանիների կյանքն ընդհատելու նպատակով կենդանիների քնեցման պահանջների վերաբերյալ իրավահարաբերությունները կանոնակարգվում են «Անասնաբուժության մասին» օրենքի 32-րդ եւ 33-րդ հոդվածներով սահմանված կարգով:
Անասնաբուժության մասին ՀՀ օրենքի (գործում է 2014թ-ից) Հոդված 33. Կյանքը ընդհատելու նպատակով կենդանիների քնեցման պահանջները՝
7. Քնեցումը թույլատրվում է`
1) անբուժելի հիվանդ կենդանիներին, որոնք հիվանդության պատճառով ցավի և տանջանքի մեջ են.
2) վարակիչ հիվանդության վերացման համար, որը սպառնում է մարդկանց կամ կենդանիների առողջությանը.
3) կենդանիների նկատմամբ փորձարկումների կասեցման համար, որի արդյունքում առաջացել են կենդանիներին ցավ և տանջանք պատճառող ախտաբանական չվերականգնվող փոփոխություններ.
4) կենդանիներին, որոնց ագրեսիվ վարքագիծը մարդկանց և կենդանիների առողջության համար իրական վտանգ է ներկայացնում:
Ամենակարևորը՝ Քաղաքացիական օրենսգրքում ամրագրվել է, որ կենդանիների նկատմամբ, բացի գույքային իրավունքներից, այսուհետ պարտադիր հաշվի են առնվելու նաև նոր օրենքով ամրագրված իրավունքներն ու սկզբունքները, ինչը առհասարակ ամրագրում է կենդանու կյանքի իրավունքը, ինչը խախտելու համար, կախված դրսևորման ծանրությունից, պատիժ է սահմանվելու թե Քրեական, թե Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերով։
Եվ մի բան էլ՝ այժմ որոշ կենդանապաշտպան հասարակական կազմակերպություններ ունեն նաև մասնավոր կացարաններ։ Պետության կողմից կառուցվող կացարանները չեն հանգեցնելու ձեր կացարանների գործունեության դադարեցմանը։ Մենք բոլորս ձեր կարիքն ունենք և ունենալու ենք նաև ապագայում, պարզապես կացարանների համար գործելու են դեռևս մշակվելիք չափորոշիչներ և ստանդարտներ, իսկ կացարանային գործունեությունը ենթակա է լինելու լիցենզավորման։ Մենք չենք ուզում չէ՞, որ ցանկացած տարածք, որտեղ թափառող կենդանի է պահվում, համարվի կացարան։ Եթե շարժվում ենք քաղաքակիրթ երկրների փորձով, կացարանները ևս պետք է որոշակի որակական (վստահեցնում եմ ոչ անհասանելի) չափանիշների համապատասխանեն։ Նույնը վերաբերելու է նաև պետական/համայնքային կացարաններին։
Այս օրենսդրությունը մշտապես բարելավվելու կարիք է ունենալու, անպայման առիթներ կլինեն առաջիկայում նոր քննարկումների համար։ Շատ դրույթներ ուժի մեջ են մտնելու մեկ տարի անց, քանի որ Կառավարությունը պետք է մշակի բազմաթիվ ենթաօրենսդրական կարգեր»։