Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը սոցցանցի իր էջում գրել է.
«Գլխավոր դատախազը կառավարության նիստում մի ուշագրավ փաստ ներկայացրեց:
Ըստ գործի նյութերի՝ 2006 թվականին Արարատի նախկին մարզպետ Ալիկ Սարգսյանը 5330 հա հողատարածքը 49 տարով անհատույց տվել է իր և Հովիկ Աբրահամյանի (այդ ժամանակ՝ տարածքային կառավարման նախարար) ընկերությանը:
Կրկին կարդացեք՝ 5330 հեկտար կամ 53 քկմ :
ԱՆՀԱՏՈՒՅՑ ու 49 տարով:
Որպեսզի ավելի պարզ լինի, դա ավելի մեծ տարածք է, քան Երևանի Կենտրոն, Արաբկիր և Աջափնյակ վարչական շրջանների տարածքը միասին վերցրած:
Այդ հողատարածքի՝ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը գնահատվում է մոտ 160 միլիոն դոլար:
Որևէ մեկի անմեղության կանխավարկածը չեմ խախտում, բայց փաստն այն է, որ դատախազի կողմից Կադաստրի կոմիտեին հասցեագրված միջնորդագրի հիման վրա արդեն կատարվել է նշված հողատարածքների անհատույց օգտագործման իրավունքի դադարեցման պետական գրանցում և Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը վերականգնվել է:
Ահա այսպիսի բաներ են կատարվել Հայաստանում ոչ վաղ անցյալում: Հիմա այդ ոչ վաղ անցյալի պատասխանատուները խոսում են կոռուպցիայից ու դրա դեմ պայքարից»։