Երևանի ավագանու ՔՊ խմբակցության անդամ Լևոն Լևոնյանը սոցցանցի իր էջում գրել է.
«Իր ողջ պատմության բոլոր ընտրությունները տանուլ տված քաղաքական ուժի ներկայացուցիչը իրեն վերապահում է անդրադառնալ քաղաքապետին և ՔՊ կուսակցության կողմից Երևանի ավագանու ընտրությունների արդյունքում ստացած իբր թե «9%» ձայներին (ՀՀ ընտրական օրենսգրքով ընտրության արդյունքների ամփոփման նման չափման բանաձև գոյություն չունի), սակայն նույն ընտրությունների արդյունքում իրենք ստացել են 36191 քվե, ինչը կազմում է ամբողջ գրանցված ընտրողների 4.3%-ը, որը երկու անգամ ավելի քիչ է ՔՊ-ից: Նա անդրադառնում է շինթույլտվություններին և դրանց վերաբերյալ Երևանում առկա խնդիրներին։ Այո՛, քաղաքաշինական գործընթացներում, այդ թվում՝ շինթույլտվությունների մասով, առկա են խնդիրներ, որոնք պահանջում են շարունակական մասնագիտական, տեխնոլոգիական մոտեցում և մշտական վերահսկողություն: Իսկ այն որ 2011-2012թթ. Շենգավիթի թաղապետարանում և 2013-2018թթ. ԱԺ պատգամավորի օգնական աշխատելու տարիներին նման բովանդակությամբ խնդիրները Ձեզ մոտ մտահոգություն չեն առաջացրել և հետաքրքրությունների տիրույթում չեն եղել, մի փոքր կասկածելի է թերևս: Կամ գուցե ձմեռ էր և մառախուղ, ինչի արդյունքում տեսանելի չէին այդ խնդիրները, թե՞ ուղղակի կառուցապատողներն էին ԽԾԲ, որ մասսայաբար ապականեցին քաղաքի ուրույն դեմքն ու հեկտարներով զավթեցին համայնքապատկան և հանրային հողերն ու տարածքները։ Հարգելի՛ Գևորգ, ի դեպ տեղեկացնեմ, որ ընդհակառակը՝ ձմռան ամիսներին օդի աղտոտվածության ցուցանիշն ավելի բարձր է, քանի որ քամիները գրեթե իսպառ բացակայում են և առաջացող ցանկացած մասնիկ կամ արտանետվող ածխաթթու գազ կուտակվում է հենց Երևանի և ընդհանուր Արարատյան գոգավորության մթնոլորտում և այս երևույթը հիդրոօդերևութաբանության մեջ կոչվում է «Ինվերսիա», երբ ձևավորվում է անտիցիկլոնային դաշտ և օդային հոսանքները դանդաղ տեղաշարժվում են ավելի բարձրադիր, ցածր ճնշման և ցուրտ գոտիներից դեպի համեմատաբար ավելի ցածրադիր, բարձր ճնշման և ավելի տաք գոտիներ։ Այս երևույթը ձմռան ամիսներին բնորոշ է բոլոր հովտային և գոգավորությունների մեջ ընկած տեղանքներին, հետևաբար այդ պնդումը սխալ է, քանի որ ամռան ամիսներին շինարարության տեմպերն ավելի բարձր են, իսկ օդի աղտոտվածության ցուցանիշը՝ թույլատրելի սահմանային շեմից երբեք ոչ բարձր։
Նաև պետք է Ձեզ տխրեցնեմ և բացահայտեմ, որ ըստ լանդշաֆտային գոտիավորման բնութագրման՝ Արարատյան գոգավորությունը համարվում է կիսանապատային գոտի, և այս հանգամանքը իր ազդեցությունն ունի քաղաքի բնապահպանական առանձնահատկությունների, օդային հոսանքների փոխանակման, կլիմայի և մթնոլորտային երևույթների ձևավորման վրա։ Իսկ, եթե դուք, հարգելի՛ Գևորգ, չգիտեք նաև թե ինչ է կիանապատային գոտին, ապա կարող եմ Ձեզ համար մեկ դասընթաց կազմակերպել հիդրոօդերևութաբանության և աշխարհագրության վերաբերյալ և ցույց տալ, թե ինչ է լինում, երբ կիսանապատային գոտիներում տեղի են ունենում քամիներ, ինչը ևս բնական երևույթ է և առաջացնում է մակերևույթի վրա առկա ավազի, խճի, գլաքարերի և փոշիահատիկների տեղափոխություն: Գինեգործ-տնտեսագետի կողմից լուրջ դեմքով կանգնել և սիրողական մակարդակի հայտարարություններ անելը առնվազն զարհուրելի, ոչ կոմպետենտ և ծիծաղ առաջացնող է:
Նույն կերպ սիրողական մակարդակի վերլուծություն է նաև մեքենաների արտանետումների վերաբերյալ անդրադարձը: Տրանսպորտային միջոցների արտանետումների վերաբերյալ հայտարարությանը անդրադառնալով՝ հայտնեմ, որ ըստ էկվիվալենտների չափման՝ հեղուկ կամ օդ գազով աշխատող CO₂-ի արտանետման տեսակարար կշիռը ավելի ցածր է: Օրինակ՝ մեկ լիտր բենզինը առաջացնում է մոտ 2.31 կգ CO₂, մեկ լիտր դիզելային վառելիքը՝ մոտ 2.68 կգ CO₂, իսկ 1 լիտր բնական գազը՝ 1.85 CO₂: Բնական գազը համարվում է համեմատաբար ավելի «մաքուր»վառելիք, իսկ Հայաստանում բնական գազով աշխատող մեքենաների քանակը անհամեմատ ավելի շատ է մյուսներից։
Ձեզ լուսաբանելու և լուսավորելու համար տեղեկացնեմ, որ Երևանում ավտոտրանսպորտային միջոցների քանակը վերջին 20 տարիների ընթացքում առնվազն 4 անգամ ավելացել է և Երևանի բնակչության թիվն աճել է մոտ 20-25%-ով և այն դինամիկ կերպով միայն աճում է, ինչը տրամաբանական և բնական է մայրաքաղաքի պարագայում, սակայն այս ամենի հանրագումարը հանգեցնում է ճանապարհների գերծանրաբեռնվածության։ Միևնույն ժամանակ, տրանսպորտային միջոցների ձեռքբերման իրավունքի սահմանափակում հնարավոր չէ, քանի ՀՀ քաղաքացիները ունեն սեփականության և շարժական գույքի ձեռքբերման իրավունք: Վստահ եմ, որ Դուք՝ ինքներդ, հօգուդ քաղաքի Ձեր այդ իրավունքից չեք հրաժարվի:
Հրավիրում եմ Ձեզ բանավեճի, եթե իհարկե պատրաստ կլինեք։
Հ․Գ․ Եվս մեկ վրիպակ ունեք Ձեր տեքստում. Երևան քաղաքի ավագանու հերթական և տարեվերջյան նիստը կայանալու է դեկտեմբերի 23-ին»։